ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի ելույթը Համահայկական կրթական 8-րդ խորհրդաժողովում
2018-08-02
Համահայկական կրթական 8-րդ խորհրդաժողովի հարգելի մասնակիցներ և հյուրեր.
Շնորհավորում եմ 2018 թվականի խորհրդաժողովի մեկնարկի կապակցությամբ: Խորհրդաժողովն իր ձևաչափով խորհրդանշական է, քանի որ սփյուռքի հետ կրթական փոխհամագործակցությունը Հայաստան-սփյուռք փոխառնչությունների կարևորագույն բաղադրիչներից է, հայ մանկավարժական մտքի և կրթական գործի զարգացման կարևորագույն գրավական:
Այսօր կրթության դաշտում վերարտադրվում և ձևավորվում են արժեքներ, որոնք լինելու են հայի վաղվա օրվա թե՛ քաղաքական և թե՛ մշակութային օրակարգի հիմքում: Կրթական հարցերում մեր բազմատարր սփյուռքը պետք է փորձի գտնել բացառապես իր ազգային դիմագիծն ու կեցվածքը, ելակետ ունենալով հայակերտման սկզբունքը:
Խորհրդաժողովի նպատակն է քննարկել արտերկրում հայկական կրթօջախների առկա հիմնահարցերն ու խնդիրները, հստակեցնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետագա քայլերը սփյուռքի կրթության ոլորտում իրականացվող ծրագրերը բարելավելու նպատակով:
Խորհրդաժողովի քառօրյա աշխատանքի արդյունքում մշակված բանաձևը պետք է արտացոլի այն հիմնական ուղղությունները, որոնց իրագործմամբ հնարավոր կլինի լուծել սփյուռքի կրթության ոլորտում առկա հիմնախնդիրները և ստեղծել կայուն համագործակցային միջավայր՝ Հայաստան-սփյուռք համատեղ ծրագրեր իրականացնելու համար: Վստահ եմ, որ խորհրդաժողովում ձեռքբերված արդյունքները կնպաստեն սփյուռքում հայեցի կրթության առավել արդյունավետ կազմակերպմանն ու զարգացմանը:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս և Համահայկական կրթական 8-րդ խորհրդաժողովը հայտարարում եմ բացված: