Ներառական կրթություն
ՀՀ Ազգային ժողովը 2014 թվականի դեկտեմբերի 1-ին ընդունել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը (ՀՕ-200-Ն), որով նախատեսվում է հանրակրթության համակարգում անցում կատարել համընդհանուր ներառական կրթության: Համաձայն օրենքի՝ մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը հանրապետությունում կներդրվի համընդհանուր ներառական կրթության համակարգը:
-
ներառական կրթությունը՝ յուրաքանչյուր երեխայի համար, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, զարգացման առանձնահատկություններին համապատասխան, անհրաժեշտ պայմանների և հարմարեցված միջավայրի ապահովման միջոցով կրթական գործընթացին առավելագույն մասնակցության և հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված արդյունքի ապահովումն է:
-
կկիրառվի երեխայի կրթական կարիքներին արձագանքման եռաստիճան համակարգ: Օրենքի կիրարկման արդյունքում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները մանկավարժահոգեբանական աջակցություն կստանան 3 մակարդակում՝ հանրակրթական դպրոցում, տարածքային և հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կողմից:
-
մինչև 2022 թվականի օգոստոսի 1-ը՝ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում գործող առնվազն մեկ, Երևան քաղաքում՝ առնվազն չորս հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն վերակազմակերպվելու է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի։
Եթե տվյալ մարզում առկա չէ հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն, ապա մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կարող է վերակազմակերպվել կամ պատվիրակվել այնպիսի կազմակերպության, որում առկա են ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ պայմաններ:
Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում կներդրվեն ուսուցչի օգնականի հաստիքներ, որոնց թիվը որոշվելու է տվյալ դպրոցում սովորողների միջին տարեկան թվի 10 տոկոսի հաշվարկի հարաբերակցությունից, համաձայն ՀՀ կառավարության կողմից հաստատված կարգի (ՀՀ կառավարության 16 փետրվարի 2017 թվականի «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար սահմանված ֆինանսավորման բարձրացված չափաքանակի սանդղակը` ըստ երեխայի կարիքի ծանրության աստիճանի սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 25-ի N 1365-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու եվ 2011 թվականի հունվարի 27-ի N 46-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 141–Ն որոշում):
Մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը կներդրվի համընդհանուր ներառական կրթության համակարգը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած գործողությունների պլանի և ժամանակացույցի (ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի արձանագրային որոշում՝ «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանին եվ ժամանակացույցին հավանություն տալու մասին»:
2015թ. փետրվարի 17-ի ՀՀ վարչապետի N108-Ա որոշմամբ հաստատվել է «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխությունններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 1-ի ՀՕ-200-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը»:
Նոր ձևավորված համակարգը հնարավորություն կընձեռի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունն ու դաստիարակությունը կազմակերպել առանց երեխային ընտանիքից անջատելու՝ ապահովելով նրա համակողմանի հասարակական զարգացումը և ներառելով նրան հանրակրթական ուսումնական հաստատություն: Ոլորտում իրականացվող քաղաքականության արդյունքում նախատեսվում է ընդլայնել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների որակյալ կրթություն ստանալու հնարավորությունները` ստեղծելով ներառական կրթության համակարգ բոլոր հանրակրթական դպրոցներում: