Պատմություն
Պատմական ուրվագիծ
Հայ ժողովրդի կրթական ավանդույթների արմատները հասնում են մինչև քարե դար, շումերական դարաշրջանի սեպագիր արձանագրություններ, նախաքրիստոնեական գրի ժամանակներ:
Շումերական և աքքադական գրավոր հուշարձաններն առանձնացնում են Հայկական լեռնաշխարհի բնիկներին՝ հայ ժողովրդի նախահայրերին՝ իբրև հնագույն վաղ բրոնզեդարյան դպիրների և դպրապետերի: Հայաստանի և պատմական հայկական բնակավայրերի տարածքում պահպանված և մեզ փոխանցված սեպագիր արձանագրությունները, հունատառ հայերենով վիմագիր արձանագրությունները, հեթանոսական ժամանակների մեհենագրերն ու հուշարձանները վկայում են նախամաշտոցյան գրի, կրթության և մշակույթի մասին՝ հայ ժողովրդին դասելով աշխարհում առաջին քաղաքակրթություններից մեկի հիմնադիրների շարքում:
Դեռևս Վանի թագավորության և ուրարտական պետության ժամանակներում մեր նախնիները ունեցել են գիր, որի կենդանի վկայությունն է Խալդ աստծո տաճարի որմնանկարը՝ Քրիստոսից առաջ 782 թվականին Մենուա արքայի որդի Արգիշտիի հիմնադրած Էրեբունի ամրոցի ու Երևան քաղաքի հիմնադրման քարե արձանագրությունը: Ցավոք, հեթանոսական մշակույթի և գրական արժեքավոր ժառանգության մի ստվար զանգվածը չի հասել մեզ:
Հայ ժողովրդի կրթության ներկա ժամանակաշրջանի պատմությունը սկսվում է 5-րդ դարից՝ հայոց գրերի գյուտով և հայկական այբուբենի ստեղծմամբ: Հայկական գրային համակարգը՝ 36 տառից բաղկացած հայերենի այբուբենը, վերստեղծել կամ վերականգնել է ժամանակի մեծագույն մտածող Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին:
Գրերի գյուտը հայ ժողովրդի կյանքում քրիստոնեության ընդունումից հետո դարձավ հոգևոր-մշակութային կարևորագույն իրադարձությունը, որին հաջորդած կրթամշակութային հզոր շարժումը հայտնի է «ոսկեդար» անունով:
Գրերի գյուտին հաջորդեցին հայկական դպրոցների բացումն ու հայերենի ուսուցանումը, որին մեծ նվիրումով ձեռնամուխ եղան հայոց այբուբենի հիմնադիր Մեսրոպ Մաշտոցն ու կաթողիկոս Սահակ Պարթև: Մաշտոցը շրջում էր Հայաստանի գավառներում և մարզերում, դպրոցներ բացում, իսկ Սահակ Պարթևը, որ գրերի ստեղծման հարցում Մաշտոցի խանդավառ աջակիցն էր, մայրաքաղաք Վաղարշապատի արքունիքում նախարարներին էր ուսուցանում հայոց ոսկեղենիկ տառերը։ Մեսրոպ Մաշտոցի՝ «Առակաց գրքից» փոխադրված առաջին հայերեն նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» (Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի խոսքերը) առ այսօր համարվում է հայկական դպրոցների առաջին պատվիրանը, իսկ Մաշտոցը մեծարվում և ընդունվում է որպես հայերենի առաջին ուսուցիչ:
Հայոց առաջին դպրոցներից մեկը «Հայոց Արևելից կողմերում» (Ուտիք, Արցախ) բացվել է Ամարասի վանքում։ Զուգահեռաբար զարկ է տրվում թարգմանական գրականությանը, որի առաջնեկը «Աստվածաշնչի» հայերեն թարգմանությունն է՝ Մեսրոպ Մաշտոցի ու Սահակ Պարթևի նախաձեռնությամբ: Ուսումնասիրողները «Աստվածաշնչի» հայերեն թարգմանությունն անվանում են «Թագուհի թարգմանութեանց»:
Թարգմանական գրականության զարգացմանը զուգահեռ՝ զարկ տրվեց նաև հայ ազգային պատմագրության, բանահյուսության ու գրականության զարգացմանը։
Հին հայերենը՝ գրաբարը, որն արդեն մեծապես մշակվել էր հեթանոսական մեհյաններում, հենց սկզբից դրսևորեց գրական լեզվի ճկունությունն ու գեղեցկությունը՝ ապահովելով հայ ժողովրդի լեզվամտածողության դրսևորումը, քրիստոնեության տարածումն ու հայ հին բանահյուսության բազմաթիվ նմուշների պահպանումը, մատենագրության զարգացումը:
Դարերի ընթացքում, հատկապես պետականությունը կորցնելու ժամանակաշրջանում հայերենը դարձավ հայությանը միավորող և ազգային ինքնությունը պահպանող հզոր միջոց՝ խորհրդանշելով հայ ժողովրդի գոյատևման և զարգացման կարևոր առանցքը:
Զրկված լինելով պետականությունից` օտար երկրների տիրապետության շրջանում, ազգային կրթության պահպանման ողջ ծանրությունն ու պատասխանատվությունը կրել է Հայ առաքելական եկեղեցին։ Դարեր շարունակ եկեղեցու շնորհիվ են պահպանվել և անխափան գործել հայկական դպրոցները, այնուհետ նաև համալսարանները: Կրթության գործի կազմակերպումը դարձել է եկեղեցու ազգային առաքելությունը. դպրոցները, միջնադարյան համալսարանները գործել են եկեղեցուն կից կամ նրա անմիջական հովանավորությամբ, հոգևորականները միաժամանակ եղել են ուսուցիչներ և դպիրներ: Պետական կառավարման մարմինների բացակայության պայմաններում Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին կարողացել է ինքնակազմակերպվել և ստեղծել կրթության գործուն համակարգ՝ կառավարման մարմիններով, ժամանակի պահանջներին համապատասխան կրթական բովանդակությամբ:
Հայ իրականության մեջ առաջին բարձրագույն ուսումնական հաստատությունը համարվում է Սյունիք նահանգի Վայոց ձոր գավառի Գլաձորի կամ Աղբերց վանքում հիմնադրված Գլաձորի համալսարանը, սակայն նրանից առաջ Սանահինի վանական համալիրում 10-11-րդ դարերում գործել է բուհին հավասար բարձրագույն տիպի դպրոց՝ հարուստ գրադարանով: 1280-ական թթ. հիմնադրված համալսարանը գոյատևել է 60 տարի, դասավանդման լեզուն հայերենն էր, և ուսումնառությունը սերտորեն կապված էր հայերենի մշակույթի հետ:
Հայտնի էր, որ Գլաձորի համալսարան ընդունվում էին, այսօրվա բառերով, միջնակարգ կրթություն ունեցող երիտասարդներ, որոնք 7-8 տարի ուսանելուց հետո պատրաստում էին քննաճառ և պաշտպանում գիտական աստիճան։ Գլաձորն իր ժամանակ լավագույններից էր, և համաձայն պատմական վկայությունների՝ ժամանակակիցների կողմից մեծարանքով կոչվել է «Երկրորդ Աթենք Պանծալի»։ Այստեղ էին գալիս սովորելու Հայաստանի հեռավոր շրջաններից և անգամ Կիլիկիայից։ Համալսարանում դասավանդում էին հռչակավոր ուսուցիչներ՝ Եսայի Նչեցին, Դավիթ Սասնեցին, Թորոս Տարոնացին, հռչակավոր գրիչ, նկարիչ և ճարտարապետ Մոմիկը։
Մեծ համբավ է ունեցել նաև միջնադարյան (հիմնադրված 14-րդ դարում) ևս մի կրթարան՝ Տաթևի համալսարանը, որի հիմնադիր և խոշորագույն ներկայացուցիչներն են եղել Հովհան Որոտնեցին ու Գրիգոր Տաթևացին: Վերջինիս օրոք համալսարանը դարձել է գիտակրթական, մշակութային կենտրոն:
Հայաստանի Հանարապետության կրթության և գիտության ներկայիս նախարարության պատմությունը սկսվում է Հայաստանի առաջին հանրապետության (1918-20 թթ.) ժամանակներից, երբ 1918 թվականի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն:
Հունիսի սկզբին հրապարակվում է Հայոց ազգային խորհրդի պաշտոնական հաղորդագրությունը, որտեղ մասնավորապես նշվում էր. «Հայոց ազգային խորհուրդը, այն իրավունքների հիման վրա, որով նրան լիազորել է հայ ժողովուրդը, մայիսի 28-ին որոշեց հռչակել հայկական պետության անկախությունը, հիմնեց Հայաստանի Ժողովրդավարական Հանրապետությունը»: Հուլիսի 24-ին հրապարակվում է գործադիր բարձրագույն իշխանության՝ Կառավարության կազմը, որտեղ ներառված էր նաև Հանրային կրթության մինիստրությունը:
1919 թ. հուլիսի 1-ին, Հանրային կրթության մինիստր Մելիք Ղարագյոզյանի առաջարկությամբ, մինիստրությունը վերանվանվում է Հանրային կրթության և արվեստի մինիստրություն՝ միջնակարգ դպրոցների, տարրական դպրոցների, արվեստի և հնությունների, բժշկական-սանիտարական բաժիններով: Մինիստրությունն այս կառուցվածքով աշխատել է մինչև խորհրդային կարգերի հաստատումը:
1920թ. դեկտեմբերին, երբ առաջին հանրապետության այն ժամանակվա ղեկավարությունը իշխանությունը փոխանցեց բոլշևիկյան կուսակցությանը՝ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման հետ միաժամանակ հայ հեղկոմի դեկրետով, ի թիվս կառավարման այլ մարմինների՝ ստեղծվում է նաև Լուսավորության ժողովրդական կոմիսարիատը, որը 1946թ. մարտին վերանվանվում է ՀԽՍՀ լուսավորության մինիստրություն:
ՀԿԿ Կենտկոմի ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի և ՀՍՄԽ-ի 25.03.1988 թ. որոշման և ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության 09.08.1988 թթ. հրամանի համաձայն` լուծարվում են ՀԽՍՀ լուսավորության մինիստրությունը, ՀԽՍՀ բարձրագույն կրթության և միջին մասնագիտական կրթության մինիստրությունը և ՀԽՍՀ պրոֆտեխկրթության պետական կոմիտեն: Արդյունքում ստեղծվում է ՀԽՍՀ ժողովրդական կրթության մինիստրությունը: ՀՀ ԳԽ 01.11.1990թ. թիվ 616 որոշման համաձայն` լուծարվում է ՀԽՍՀ ժողովրդական կրթության նախարարությունը, որի արդյունքում ձևավորվում են ՀԽՍՀ Լուսավորության նախարարությունը և ՀԽՍՀ Բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեն:
1992թ. Բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեն վերակազմակերպվում է ՀՀ բարձրագույն կրթության և գիտության նախարարության:ՀՀ Նախագահի 1995 թ. հուլիսի 25-ի «ՀՀ կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» հրամանագրի և ՀՀ կառավարության 1995 թ. օգոստոսի 4-ի «ՀՀ կառավարության կառուցվածքի մեջ չընդգրկված պետական կառավարման հանրապետական մարմինների լուծարման և վերակառուցման գործընթացի իրականացմանն ուղղված միջոցառումների մասին» որոշման համաձայն` դադարեցվում է ՀՀ բարձագույն կրթության և գիտության և ՀՀ լուսավորության նախարարությունների գործունեությունը` նրանց միաձուլման կապակցությամբ՝ իրավահաջորդը ճանաչելով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը:
ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐ
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆ
2016-2018 Լևոն Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
2009-2016 Արմեն Աշոտյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
2008-2009 Սպարտակ Սեյրանյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
2006-2008 Լևոն Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
2003-2006 Սերգո Երիցյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
2001-2003 Լևոն Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
1999-2001 Էդուարդ Ղազարյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
1998-1999 Լևոն Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
1996-1998 Արտաշես Պետրոսյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
1996-1996 Վարդգես Գնունի - ՀՀ կրթության և գիտության նախարար
1995-1995 Արմենակ Ղազարյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
1994-1995 Աշոտ Բլեյան - ՀՀ լուսավորության նախարարի պաշտոնակատար
1992-1994 Հայկ Ղազարյան - ՀՀ լուսավորության նախարար
1991-1995 Վարդգես Գնունի - ՀՀ բարձրագույն կրթության և գիտության նախարար
1991-1991 Վարդգես Գնունի - ՀՀ բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեի նախագահ
1990-1992 Արեգ Գրիգորյան - ՀՀ լուսավորության նախարար
ԽՈՀՐԴԱՅԻՆ ՇՐՋԱՆ
1990-1991 Վիլիկ Հարությունյան - ՀՀ բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեի նախագահ
1989-1990 Միսակ Արշամի Դավթյան - ՀԽՍՀ Ժողովրդական կրթության մինիստր
1988-1989 Սեմյոն Տիգրանի Հախումյան - ՀԽՍՀ Ժողովրդական կրթության մինիստր
1973-1988 Սեմյոն Տիգրանի Հախումյան - ՀԽՍՀ Լուսավորության մինիստր
1975-1988 Լյուդվիգ Պապիկի Ղարիբջանյան - ՀԽՍՀ բարձրագույն կրթության և միջին մասնագիտական կրթության մինիստր
1954-1973 Շավարշ Ստեփանի Սիմոնյան - ՀԽՍՀ Լուսավորության մինիստր
1949-1954 Սուրեն Աղասու Միքայելյան - ՀԽՍՀ Լուսավորության մինիստր
ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
1918թ. նոյեմբեր-1918թ. դեկտեմբեր - Միքայել Աթաբեկյան- Հանրային կրթության նախարար
1918թ. դեկտեմբեր-1919թ. հունիս - Գևորգ Մելիք-Ղարագյոզյան Հանրային կրթության նախարար
1919թ. հունիս- 1919թ. օգոստոս - Սիրական Թադևոսի Տիգրանյան- Հանրային կրթության և արվեստի նախարար
1919թ. օգոստոս-1920թ. մայիս - Նիկոլ Պողոսի Աղբալյան- Հանրային կրթության և արվեստի նախարար
1920թ. մայիս- 1920թ. նոյեմբեր - Գևորգ Ղազարյան - Հանրային կրթության և արվեստի նախարար
1920թ. նոյեմբեր - Վահան Մինախորյան - Հանրային կրթության և արվեստի նախարար