Կանոնադրություն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մայիսի 2011 թվականի N 676-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1579-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ
ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով և 11-րդ հոդվածով`
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության
աշխատակազմի լիցենզավորման վարչությունը վերակազմավորման միջոցով
վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության
նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության` հիմնարկի
առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-
ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության
աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի
Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը,
նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության
աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 1579-Ն
որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
1) «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնից հանել «Լիցենզավորման
վարչություն» տողը.
2) «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժինը լրացնել «Լիցենզավորման
գործակալություն» տողով:
3. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության
աշխատակազմի լիցենզավորման գործակալության կանոնադրությունը` համաձայն
N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության
աշխատակազմի լիցենզավորման գործակալության կառուցվածքը` համաձայն N 2
հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող
օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. մայիսի 27
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2011 թվականի
մայիսի 12-ի N 676-Ն որոշման
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության
(այսուհետ` նախարարություն) աշխատակազմի լիցենզավորման գործակալությունը
(այսուհետ` գործակալություն) նախարարության աշխատակազմի կազմում գործող
առանձնացված ստորաբաժանում է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում,
մատուցում է ծառայություններ կրթության բնագավառում` հանդես գալով
Հայաստանի Հանրապետության անունից:
2. Գործակալությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը
դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
Գործակալությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը, Հայաստանի
Հանրապետության կրթության և գիտության նախարարի ներկայացմամբ,
հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Գործակալության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի
Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով,
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև
Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի
Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված
դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և
իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու
պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ
պատասխանող:
6. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և
գործակալության` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ
անհատականացման միջոցներ:
II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ
7. Գործակալության նպատակը կրթության ոլորտում լիցենզավորման գործընթացի
իրականացումն է:
III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
8. Գործակալությունն իր նպատակի իրականացման համար Հայաստանի
Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ
գործառույթները`
1) լիցենզիա տալու (մերժելու), դրանց գործողության ժամկետի երկարաձգման,
վերաձևակերպման, գործողության կասեցման և դադարեցման հետ կապված
գործառույթների իրականացում.
2) լիցենզավորված սուբյեկտների կողմից տվյալ գործունեությունն իրականացնելու
համար պարտադիր պահանջների և պայմանների պահպանման նկատմամբ
դիտարկումների և ուսումնասիրությունների իրականացում.
3) լիցենզավորման պարտադիր պահանջների և պայմանների փոփոխման և
արդիականացման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
4) կրթության ոլորտի լիցենզավորման գործընթացի փաստաթղթաշրջանառության
իրականացում, այդ թվում` լիցենզավորման համար ներկայացված հայտերի ու
դրանց կից փաստաթղթերի մուտքագրում և հաշվառում.
5) կրթության ոլորտում լիցենզավորման հանձնաժողովի գործավարության
իրականացում, հանձնաժողովի գործունեության համար անհրաժեշտ նյութերի
նախապատրաստում, ամփոփում և դրանք լիցենզավորման հանձնաժողովի
քննարկմանը ներկայացնելը.
6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով
լիցենզավորված սուբյեկտների մասին տեղեկությունների հավաքագրում,
վերլուծություն և գնահատում:
IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
9. Գործակալությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության կրթության և
գիտության նախարարը (այսուհետ` նախարար): Գործակալության անմիջական
ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որը պաշտոնի նշանակվում
և պաշտոնից ազատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի համաձայն:
10. Գործակալության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի
Հանրապետության օրենքներով, նախարարության կանոնադրությամբ և սույն
կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Հայաստանի
Հանրապետության միջազգային պայմանագրերով:
11. Գործակալության պետը պատասխանատու է կրթության և գիտության ոլորտի
լիցենզավորման բնագավառում մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաև
դրանց` օրենքներին ու այլ իրավական ակտերին համապատասխանության համար:
12. Գործակալության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության
վարչապետին, նախարարին, գործակալության գործունեությունը համակարգող
նախարարի համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության
մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում
նաև` նախարարության աշխատակազմի ղեկավարին:
13. Գործակալության պետը`
1) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է
գործակալության առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման
համար.
2) օրենքվ, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված
գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ
առաջարկություններ է ներկայացնում նախարարին կամ նրա համապատասխան
տեղակալին.
3) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս
ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և
գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես
գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
4) նախարարության աշխատակազմի ղեկավարին իր իրավասության սահմաններում
ներկայացնում է առաջարկություններ գործակալության աշխատողների նկատմամբ
խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
5) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար
ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող
աշխատանքների ընթացքի մասին.
6) ապահովում է նախարարի հրամանների ու ցուցումների, ինչպես նաև նախարարի
համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու
առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին
կամ նրա համապատասխան տեղակալին.
7) նախարարության կանոնադրությանը և սույն կանոնադրությանը
համապատասխան` սահմանում է գործակալության կառուցվածքային
ստորաբաժանումների իրավասությունները.
8) լսում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության
մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման
արդյունքները.
9) իրականացնում է վերահսկողություն գործակալության կառուցվածքային
ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության
պահպանության նկատմամբ.
10) նախարարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության
կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև գործակալության
խորհրդակցական մարմիններ ստեղծելու վերաբերյալ.
11) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական
կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
12) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ
նախատեսված այլ լիազորություններ:
14. Գործակալության պետի բացակայության դեպքում գործակալության պետի
փոխարինումն իրականացվում է քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի
Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
15. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության կանոնադրությամբ և սույն
կանոնադրությամբ գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք և
արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական
իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է
նախարարության աշխատակազմը:
16. Գործակալությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ, որոնց
աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:
17. Գործակալության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման
կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2011 թվականի
մայիսի 12-ի N 676-Ն որոշման
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
Կառուցվածքային ստորաբաժանումներ
1. Լիցենզավորման բաժին
2. Դիտարկումների և վերլուծության բաժին
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան