Նախադպրոցական կրթություն
Նախադպրոցական կրթության հիմնական նպատակներն են.
ա) երեխայի ֆիզիկական, բարոյական և հոգեկան առողջության պահպանումը և ամրապնդումը,
բ) նախադպրոցական տարիքի երեխաների ներդաշնակ զարգացումն ու դաստիարակությունը,
գ) դպրոցական ուսուցմանը նախապատրաստումը:
Նախադպրոցական կրթությունը Հայաստանի Հանրապետությունում շարունակական կրթության համակարգի սկզբնական բաղկացուցիչ մասն է: Նախադպրոցական կրթությունն ամբողջական գործընթաց է, որն ուղղված է`
ա) նախադպրոցական տարիքի երեխայի բազմակողմանի զարգացման ապահովմանը` նրա հակումներին, ընդունակություններին, կարողություններին, անհատական, հոգեկան և ֆիզիկական առանձնահտկություններին համապատասխան.
բ) նախադպրոցական տարիքի երեխայի մեջ վարվելակերպի տարրական նորմերի ձևավորմանը («Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենք, Երևան, 2005):
Նախադպրոցական կրթության ծրագրերի իրականացման գործում գլխավոր դերը պետությունը վերապահում է ընտանիքին՝ պարտավորվելով պայմաններ ստեղծել ընտանիքում երեխաների համակողմանի զարգացման և խնամքի կազմակերպման համար: Ընտանիքին աջակցելու համար պետությունը ստեղծում է նախադպրոցական հիմնարկներ՝ մսուրներ (2-3 տարեկան երեխաների համար), մանկապարտեզներ (3-6 տարեկանների համար), մսուր-մանկապարտեզներ (միացյալ):