Դուալ Հայաստան
Ինչ է դուալ կրթությունը
Աշխատանքի վրա հիմնված ուսուցումն անմիջականորեն կապված է մասնագիտական կրթության և ուսուցման /ՄԿՈՒ/ առաքելության իրականացման հետ՝ գործնական և տեսական համադրության միջոցով գիտելիքներ, հմտություններ և կարողություններ փոխանցելու համար: Այդ ուսուցման առավել հեռանկարային մոդելը՝ դուալ համակարգը, հիմնված է կազմակերպությունների՝ որպես ուսուցման ծառայություններ մատուցողների և ՄԿՈՒ հաստատությունների սերտ համագործակցության վրա:
Դուալ ՄԿՈՒ-ի առավելությունները
Դուալ ՄԿՈՒ համակարգը պատրաստում է հմուտ, ճկուն, ակտիվ և նորարար աշխատուժ, որը բացի մասնագիտական հմտությունների ձևավորումից, ներառում է նաև մասնագիտական գործունեության լայն շրջանակ: Համակարգի ճկունությունը հնարավորություն է ընձեռում բավարարել ինչպես առանձին ոլորտներում գործող ձեռնարկությունների կարճաժամկետ պահանջարկը, այնպես էլ աջակցում փոքր ընկերություններին և ողջ տնտեսությանը` դիմակայել ապագա մարտահրավերներին:
Դուալ ՄԿՈՒ-ի հաջողության գրավականները
Ուսանողներ
Ուսանողներին ընտրում և աշխատանքի են ընդունում ընկերությունները: Ուսուցման ողջ ընթացքում նրանց հետ կնքվում է եռակողմ պայմանագիր՝ ֆինանսական փոխհատուցմամբ և բժշկական ապահովագրությամբ:
Ուսումնառություն՝ միանգամից երկու միջավայրում
Ուսումնառության գործընթացը տեղի է ունենում երկու վայրում՝ ուսումնական հաստատությունում և ձեռնարկությունում: Կախված ոլորտից և մասնագիտությունից՝ ուսուցման նպատակով ընկերությունում և լսարանում անցկացված ժամանակի հարաբերակցությունը կարող է կազմել 80:20-ից մինչև 60:40: Դուալ համակարգում ուսուցման գործընթացը տևում է 2-4 տարի, որի ավարտին ուսանողները կարող են ավելի շահեկանորեն ներկայանալ աշխատաշուկայում:
Պետական և մասնավոր հատվածների միջև համագործակցությունը
Դուալ ՄԿՈւ-ն ենթադրում է համատեղ պատասխանատվություն և պարտականությունների ստանձնում մասնավոր և հանրային հատվածների համար, որոնց համագործակցությունը չափազանց կարևոր է դուալ ՄԿՈՒ համակարգի կայացման համար:
Չափորոշիչների ճանաչում
Ներգրավված բոլոր միավորների կողմից քննությունների արդյունքների, վկայականների և մասնագիտական չափորոշիչների ճանաչումն առաջնային նշանակություն ունի համակարգի գրավչության համար:
ՄԿՈՒ անձնակազմի որակավորումը
Դուալ ՄԿՈւ համակարգի հաջողությանն ու գրավչությանն են նպաստում ՄԿՈՒ մանկավարժության և դիդակտիկայի բնագավառում մասնագիտական կրթություն ստացած և գործնական փորձ ունեցող դասավանդողները և կառավարչական կազմը, ինչպես նաև ժամանակակից սարքավորումներով համալրված նյութատեխնիկական բազան:
Հայաստանի Հանրապետությունում գործող ՄԿՈՒ համակարգի բարեփոխումների գործընթացին՝ դուալ կրթական համակարգի տարրերի ներդրման միջոցով, աջակցում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը /GIZ/` «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի շրջանակում