Փախստականների կրթական որակավորումների ճանաչման խոչընդոտները հաղթահարելի են
2019-02-04
2019թ. հունվարի 29-31-ը «NACAR-Բուհ ընդունելության և որակավորումների ճանաչման վերաբերյալ հայ-նորվեգական համագործակցություն» ծրագրի շրջանակներում ԱՓՇԱՏԿ-ը նորվեգացի գործընկերների հետ համատեղ իրականացրել է փախստականների կամ փախստականի կարգավիճակ ունեցող 12 անձանց որակավորումների գնահատում` 10 տարբեր երկրներից: Ոչ լիարժեք կրթական փաստաթղթեր ներկայացվել էին Սիրիայի, Լիբանանի, Եմենի, Աֆղանստանի, Իրանի, Հորդանանի, Քաթարի, Քուվեյթի, Իսրայելի և Պաղեստինի քաղաքացիների կողմից: Գնահատման քննաշրջաններն իրականացվել են ինչպես ԱՓՇԱՏԿ գրասենյակում, այնպես էլ Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարաններում:
Հարցազրույցներն իրականացվել են «փախստականի որակավորման անձնագրի» մեթոդաբանությամբ, որը լայն տարածում է ստանում ինչպես եվրոպական, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում: Տվյալ մեթոդաբանությունը ներառում է այնպիսի գործիքաշարի օգտագործում, ինչպիսիք են փաստաթղթերի (առկայության դեպքում) և կրթական համակարգերի ուսումնասիրություն, ինքնագնահատում հարցաթերթիկի միջոցով, հարցազրույցի անցկացում և այլն: Փախստականների որակավորման անձնագիրը նախատեսված է այն դեպքերի համար, երբ ճանաչման համար ներկայացված կրթական փաստաթղթերը լիարժեք չեն կամ իսպառ բացակայում են:
Բուհերում իրականացված հարցազրույցները հնարավորություն են ընձեռել բուհերի համապատասխան մասնագետներին ծանոթանալու «փախստականի որակավորման անձնագրի» մեթոդաբանությանը` հետագայում օգտագործելու նպատակով: Նախնական հայտ ներկայացրած 15 անձանցից 12-ին հնարավորություն տրվեց մասնակցել հարցազրույցների, որոնցից 11-ի դեպքում միջազգային փորձագետները կայացրել են դրական որոշում: Հարցազրույցը հաջողությամբ անցած քաղաքացիներին կտրվի փախստականի որակավորման անձնագիր, որն իր բնույթով խորհրդատվական փաստաթուղթ է՝ անձի կրթական որակավորումների, լեզվական իմացության և աշխատանքային փորձի վերաբերյալ:
ԱՓՇԱՏԿ-ի գրասենյակում իրականացված հարցազրույցին ներկա է գտնվել նաև ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայկական գրասենյակի ղեկավար Աննա-Կարին Օստը` ծանոթանալու մեթոդաբանությանը և քննարկելու փախստականների ինտեգրումը խթանող համատեղ ծրագրերի իրականացումը: Նա բարձր է գնահատել ԱՓՇԱՏԿ-ի նմանօրինակ նախաձեռնությունը և վերահաստատել է հետագա համագործակցության կարևորությունը: Տիկին Օստը հույս է հայտնել, որ նոր մեթոդաբանությունը կնպաստի հաղթահարել փախստականների կրթական որակավորումների ճանաչման խոչընդոտները և կխթանի ինտեգրումը:
Ծրագրի շրջանակներում 2019թ. մայիսի 18-25-ը նախատեսվում է իրականացնել փախստականների որակավորումների ճանաչման ևս մեկ քննաշրջան, որին կհաջորդի փախստականների որակավորումների ճանաչման արդի մոտեցումների վերաբերյալ սեմինար՝ բուհերի և այլ շահառուների համար:
Նշենք, որ «NACAR-Բուհ ընդունելության և որակավորումների ճանաչման վերաբերյալ հայ նորվեգական համագործակցություն» ծրագիրը մեկնարկել է 2018թ. սեպտեմբերից, որը ֆինանսավորվում է Միջազգային համագործակցության և բարձրագույն կրթության որակի խթանման նորվեգական գործակալության (DIKU) կողմից: Ծրագիրը հայկական կողմից կոորդինացնում է Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնը (ԱՓՇԱՏԿ): Ծրագրի գործընկերներն են Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական ու Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանները: Նորվեգական կողմից ծրագրին մասնակցում են Որակի ապահովման նորվեգական գործակալությունը (NOKUT) և Հարավարևելյան Նորվեգիայի համալսարանը (USN): Ծրագիրը եզակի է իր բնույթով, քանի որ այն անդրադառնում է որակավորումների, ներառյալ փախստականների որակավորումների, ճանաչման խնդրին Հայաստանում ու Նորվեգիայում և նպատակն է խորացնել հայկական ու նորվեգական բուհերի միջև համագործակցությունը: