Պարգևատրվել են «Հայաստանի հմտություններ» ազգային 6-րդ մրցույթի հաղթողները
2018-11-29
«Հմտություններ բիզնեսի համար և բիզնես՝ հմտությունների համար» խորագրով մասնագիտական կրթության և ուսուցման միջազգային համաժողովի շրջանակում այսօր տեղի է ունեցել «Հայաստանի հմտություններ» ազգային 6-րդ մրցույթի մասնակիցների մրցանակաբաշխության արարողությունը: ԿԳՆ նախնական/արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, շնորհավորելով մրցույթի բոլոր հաղթողներին, տեղեկացրել է, որ «Համաշխարհային հմտություններ» միջազգային մրցույթը 2019 թվականին տեղի է ունենալու ՌԴ Կազան քաղաքում: «Մենք ջանք ու եռանդ չենք խնայելու՝ մասնակցելու այդ մրցույթին և փորձելու վերադառնալ մեդալներով, չնայած 5-6 տարվա մասնակից երկրներին դժվար է նվաճել բարձր մրցանակներ: Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի այս մրցույթը, որն անցկացվում է 2 տարին մեկ անգամ, կարելի է համեմատել սպորտային օլիմպիադայի հետ: Մենք նաև պետք է փորձենք մեծացնել մրցույթի աշխարհագրությունը, քանի որ տարիներ շարունակ դրան մասնակցում են գրեթե նույն քոլեջները: Մրցույթը պետք է ընդգրկի ավելի մեծ թվով ուսհաստատություններ՝ շեշտադրումը հատկապես տանելով դեպի մարզեր: Այս հարցում հաջողությունը պայմանավորված է նաև քոլեջների ղեկավարների աշխատանքով, հետևաբար մաղթում եմ, որ նրանք լինեն առավել մոտիվացված, որովհետև մեր երեխաների հաջողությունը բոլորիս հաջողությունն է: Առհասարակ, մեր իրականացրած բարեփոխումները իրականություն չեն դառնա, եթե չլինի տնօրենների աջակցությունը: Կանգնեք նախարարության կողքին, որպեսզի միահամուռ ուժերով զարգացնենք մեր երկրի տնտեսության համար կարևոր այս ոլորտը»,-դիմելով ուսհատատությունների տնօրեններին՝ նշել է Արտակ Աղբալյանը:
ՄԿՈՒԶԱԿ-ի տնօրեն Տաթևիկ Գասպարյանն իր հերթին տեղեկացրել է, որ «Հայաստանի հմտություններ» ազգային 6-րդ մրցույթի եզրափակիչ փուլն անցկացվել է «Մեխատրոնիկա», «Վեբ դիզայն», «Խոհարարություն», «Ոսկերչություն» և «Նորաձևության տեխնոլոգիա» մասնագիտությունների գծով: Նա շնորհակալություն է հայտնել մրցույթի անցկացմանն աջակցող հիմնական գործընկերներին՝ «Ատեքս» նորաձևության կենտրոնին, Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման միությանը, «Երևանի ոսկերչական գործարան-Գնոմոն» ընկերությունը, փորձագետներին, վարպետներին, ինչպես նաև ՄԿՈՒ հաստատություններին:
Մրցույթի արդյունքում ոսկե մեդալների են արժանացել` «Խոհարարություն»-Մարկ Խաչիկյան /Հայ-հունական քոլեջ/, «Մեխատրոնիկա»-Հակոբյան Գուրգեն /Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ/, «Նորաձևության տեխնոլոգիա»-Վիկտորիա Կարապետյան /Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջ/, «Ոսկերչություն»-Մնացական Գալստյան /Գյումրու թիվ 4 արհեստագործական ուսումնարան/, «Վեբ դիզայն»-Հայկ Գասպարյան /Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ/:
Նշենք, որ Հայաստանը «Համաշխարհային հմտություններ» կազմակերպությանը միացել է 2012թ.-ին` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ GmbH-ի) աջակցությամբ` «Հայաստանի հմտություններ» նախագծի շրջանակում: