Կրթության արդիականացումը՝ որպես ՀՀ կառավարության առաջնահերթություն
2018-11-15
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը հանդիպել է «Աշխարհատեղեկատվական համակարգը Հայաստանի դպրոցներում» խորագրով սեմինարի մասնակիցներին: Կարևորելով ԱՏՀ-ն՝ որպես հանրակրթության մեջ կիրառվող գործիք, Արայիկ Հարությունյանը նշել է, որ կթության արդիականացումը ՀՀ կառավարության կարևորագույն առաջնահերթություններից է, որի նպատակն է նորարարական մոտեցումները և գործիքները ներմուծել կրթական համակարգ: Ողջունելով «KARDÉS» կազմակերպության, ՀԲԸՄ Հայաստանի և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի հետ ԿԳՆ-ի համագործակցությունը՝ նախարարի պաշտոնակատարը կարևորել է ժամանակակից սարքերը և գործիքներն աշակերտների զարգացման համար լիարժեք կիրառելու անհրաժեշտությունը:
Նշենք, որ առաջին սեմինար-դասընթացին մասնակցել է Լոռու, Կոտայքի, Արմավիրի, Արարատի մարզերի և Երևանի շուրջ 100 ուսուցիչ, որոնք ծանոթացել են ԱՏՀ համակարգին, այն որպես ուսումնական գործիք կիրառելու կարևորությանը և տեղանքի վերլուծությանը:
Սեմինարի ավարտից հետո մասնակիցներն այցելել են MUSExpo-2018 ցուցահանդես, որը նոյեմբերի 12-14-ը ՀԲԸՄ Հայաստանի ցուցասրահում կազմակերպվել է «Թանգարանային շաբաթ. վերանայելով մշակութային տարածքները» ծրագրի շրջանակներում: MUSExpo-ի նպատակն է՝ ապահովել զբոսաշրջության և թանգարանային ոլորտների մասնագետների հանդիպման մի ուրույն հարթակ, որտեղ կքննարկվեն թանգարանները զբոսաշրջային երթուղիներում ներառելու նոր հնարավորությունները: