ՀՀ կառավարությունը նպատակ ունի շարունակել և զարգացնել «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը

2018-10-29

Շիրակի մարզում  «Դպրոցական սնունդ» ծրագրի կառավարումը և իրականացումը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրից (ՊՀԾ) ՀՀ կառավարությանը հանձման արարողության շրջանակում`  ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն աշխատանքային հանդիպում է  ունեցել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ( ՊՀԾ ) ներկայացուցիչ և Հայաստանում  գրասենյակի տնօրեն Ելենա  Միլոշևիչի, ՌԴ  ֆինանսների նախարարության միջազգային ֆինանսական կապերի դեպարտամենտի տնօրենի տեղակալ Աննա Վալկովայի, ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտի նախագահ Վլադիմիր Չերնիգովի հետ և «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի տնօրեն Բագրատ Եսայանի հետ։
Արայիկ Հարությունյանը կարևորելով  «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը և վերջինիս փոխանցումն ազգային ծրագրին՝ նշել է, որ մտադիր են շարունակել  դպրոցական սննդի կազմակերպումը, քանի որ համոզված են` դպրոցներում կայուն սննդի ապահովումը նպաստում է կրթության արդյունավետության բարձրացմանը:
Նա շեշտել է, որ ՀՀ կառավարությունը  նպատակ ունի շարունակել և զարգացնել ծրագիրը, ինչպես նաև «Կայուն դպրոցական սնունդ»  հիմնադրամի գործունեությունը,  որը համակարգում և մշտադիտարկում է ազգային ծրագրի իրականացումը:

Անդրադառնալով «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի Հայաստանում արդյունավետ իրականացման և  դրա հետագա գործունեության  ֆինանսավորմանը` ՌԴ  ֆինանսների նախարարության ներկայացուցիչ  Աննա Վալկովան  շեշտել է, որ  ծրագրի առարկայական ձեռքբերումներից մեկը «Կայուն դպրոցական սնունդ»  հիմնադրամն է, որը պատասխանատու է  ծրագրի ողջ ընթացքի համար։ Իր հերթին, անդրադառնալով հիմնադրամի գործունեությանը, ՌԴ  Ճյուղային սննդի ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Չերնիգովն ընդգծել է, որ  ՊՀԾ-ն  ավելի քան 70 երկրում իրականացնում է  այս  ծրագիրը և միայն Հայաստանում է, որ  ազգային ծրագիրն իրականացվում  է  ինստիտուցիոնալ  կառույցի միջոցով:  Հիմնադրամը միավորում է  ծրագրի բոլոր բաղադրիչները  և համախմբում համայնքային կառույցները:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ծրագրի իրականացման հետ կապված մի շարք տեխնիկական հարցերի:  

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։