Հայաստան-Գերմանիա. գիտական համագործակցության ընդլայնման հնարավորությունները հանդիպման առանցքում

2018-10-18

Շարունակվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Գերմանիա: Նախարարի  պաշտոնակատար Հարությունյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ գիտության և գիտահետազոտության դաշնային նախարարության պետական քարտուղար Գեորգ Շյութերի հետ։
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար`  Արայիկ  Հարությունյանը նշել է, որ ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի Հայաստան այցից հետո համատեղ ծրագրերի մշակման համար մեծ հնարավորություններ են բացվել։ Մասնավորապես, կանցլերի այցի ընթացքում, ինչպես նախարարն է նշել,  քննարկվել էին հայ-գերմանական գիտական համագործակցության ընդլայնման հնարավորությունները,  ինչպես նաև Գերմանիայում Թումո կենտրոնի մասնաճյուղ  բացելու հարցը։
Անդրադառնալով Հայաստանում ընթացող կրթական բարեփոխումներին` ԿԳ նախարարի  պաշտոնակատար Ա. Հարությունյանը  նշել է, որ ներկայումս նախատեսվում է սկսել ՀՀ գիտության ոլորտի բարեփոխումների լայնածավալ ծրագրի մշակումը, որի վերաբերյալ քննարկումներ են եղել  նաև Եվրոպական hանձնաժողովի հետազոտությունների, գիտության և նորարարությունների հարցերով հանձնակատար Կառլոս Մոյդաշի հետ։ Այս համատեքստում կողմերն անդրադարձել են գիտության ոլորտում Հայաստան-Գերմանիա համագործակցությանը: Պատվիրակության կազմում ընդգրկված ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Վ. Սահակյանը ներկայացրել է երկկողմ  գիտական համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերը: Նշվել է, որ կան համագործակցության լավ ավանդույթներ բնագիտության, մասնավորապես ֆիզիկայի ոլորտում, որը պետք է ընդլայնել՝ ընդգրկելով նաև տեխնիկական գիտությունները,  համատեղ ծրագրերի մշակելով  ոչ միայն Թումոյի, այլ նաև ռոբոտոտեխնիկայի Արմատ լաբորատորիաների  ծրագրերով։ Գ. Շյութերը ևս կարևորել է երկկողմ գիտական համագործակցության ընդլայնման հարցը` ընդգծելով, որ այդպիսի փոխգործակցության հիմքը գիտնականների անձնական շփումներն ու կապերն են։ Նա ավելացրել է, որ ինքն աշխատանքի բերումով հանդիպել է շատ հայազգի գիտնականների  հետ և տպավորված է նրանց գործունեությամբ։
ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն ու ԳԴՀ գիտության և գիտահետազոտության դաշնային նախարարության պետական քարտուղար Գեորգ Շյութերը պայմանավորվել են  ջանքեր ներդնել հայ-գերմանական գիտական կապերի ամրապնդման և հետագա զարգացման ուղղությամբ։

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։