Նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՏՀՏ գործատուների միության անդամների հետ
2018-10-05
ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՏՀՏ գործատուների միության անդամ կազմակերպությունների հետ: Հանդիպման ընթացքում նախարարին ներկայացվել են միության կողմից իրականացվող կրթական ծրագրերը, նշվել է, որ ՏՀՏ գործատուների միությունը շեշտը դնում է հիմնարար կրթության վրա: Այս համատեքստում քննարկվել են կրթության ոլորտում առկա խնդիրները, գործատուների կողմից արվել են մի շարք առաջարկներ , որոնք, նախարար Արայիկ Հարությունյանի հավաստմամբ, հաշվի կառնվեն մասնագիտական ծրագրերի մշակման ժամանակ: ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը ներկայացրել է Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ինստիտուտի (ՀԱՏԻ) գործարար ծրագիրը, որը մշակվել է «Գրանթ Թորնթոն» ընկերության հետ համատեղ: Այս տարի ՀԱՏԻ-ի ծրագիրը հանրային քննարկման է ներկայացվել «Նոր սերնդի կրթություն» հարթակում և ընդգրկվել միջնաժամկետ ծրագրերի ցանկում:
Միության անդամները պատրաստակամություն են հայտնել աջակցել «Ինֆորմատիկա» առարկայի դասագրքի բովանդակային փոփոխությանը: Այդ հարցի շուրջ ձեռք է բերվել համագործակցության հստակ պայմանավորվածություն, ինչպես նաև որոշվել է աշխատանքային հանդիպումները դարձնել պարբերական: