ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի շնորհավորական խոսքն Ուսուցչի տոնի կապակցությամբ
2018-10-05
Սիրելի՛ ուսուցիչներ,
Ողջունում և շնորհավորում եմ ձեզ ուսուցչի տոնի առթիվ։ Մասնագիտական ցանկացած տոն հրաշալի առիթ է նաև իմաստավորելու արվածը և մտորելու անելիքների մասին։ Օրվա խորհուրդը մեզ բոլորիս նույնպես հնարավորություն է տալիս գնահատելու անցած ուղին և նախանշելու այն ճանապարհը, որը կապահովի դպրոցի զարթոնքը և կձևավորի ուսուցչի ստեղծագործական ներուժը բացահայտելու և աշակերտների լիարժեք կրթությունը խթանելու համար նպաստավոր պայմաններ։
Կրթության և ստեղծագործական մտածողության զարգացման հայտնի մասնագետ Քեն Ռոբինսոնի ձևակերպմամբ՝ ուսուցիչը նման է այգեպանի. նա չի աճեցնում բույսը, բայց ստեղծում է պայմաններ, որոնք առավելագույնս նպաստում են այդ աճին։ Այդ պայմանների ձևավորումը հնարավոր չէ առանց ուսուցիչների և աշակերտների համագործակցությունն ապահովող ստեղծագործ միջավայրի, և ուսուցչական գործի ամենաանգնահատելի կողմը մասնագիտական շարունակական կատարելագործումն է՝ աշակերտների հայացքների լույսի ներքո։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում հաջողություններ ձեր նվիրական գործում։