Պետություն-մասնավոր փոխշահավետ համագործակցության մոդել է ներդրվում

2018-10-01

Կարևորելով Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում կրթության ոլորտի զարգացումը և աշխատաշուկայի համալրումը որակյալ մասնագետներով՝ ԿԳՆ Բերդի արհեստագործական պետական ուսումնարանի և «Տավուշ-Տեքստիլ» ՍՊԸ-ի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, համաձայն որի՝ թեթև արդյունաբերության /տեքստիլ/ ոլորտում արտադրական գործունեություն իրականացնելու համար ուսումնարանը կիրականացնի արհեստավորների պատրաստում և վերապատրաստում, կտրամադրի անհրաժեշտ տարածք, իսկ «Տավուշ-Տեքստիլը» կտրամադրի անհրաժեշտ նյութատեխնիկական բազա։
Հուշագրի ստորագրմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, «Տավուշ-Տեքստիլ» ՍՊԸ-ի հիմնադիր Սուրեն Երիցյանը, Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը, գործատուներ։

«Առաջին իսկ օրվանից, երբ ստանձնել եմ նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտի համակարգման պատասխանատվությունը, մեծ ուշադրություն եմ դարձրել այս ոլորտին, որովհետև տարիներ շարունակ այն կարծես համարվել է կրթության խորթ զավակ՝ հատկապես ավագ դպրոցի բարեփոխումների համատեքստում: Իմ խորին համոզմամբ՝ հնարավոր չէ որևէ համակարգ մյուսի հաշվին կայացնել. դրանք պետք է համընթաց զարգանան՝ իրար փոխլրացնելու սկզբունքով»,-նշել է նախարարի տեղակալը՝ ընդգծելով, որ առանց մասնավոր սեկտորի մասնակցության՝ անհնար է ՄԿՈՒ ոլորտի զարգացումը, քանի որ, ի վերջո, ուսհաստատությունը մասնագետներ է պատրաստում աշխատաշուկայի համար: «Առանց կրթության՝ մեր երկիրը չի կարող զարգանալ և մրցակցել աշխարհում: Այս առումով «Տավուշ-Տեքստիլ» ՍՊԸ-ի հիմնադիր Սուրեն Երիցյանը կարող է լավ օրինակ ծառայել ՀՀ մյուս գործարարների համար: Վերջին շրջանում, երբ փորձ է արվում որոշ գործարարների համոզել, որ մասնակցություն ունենան ուսհաստատությունների կյանքում, վերջիններս հարց են բարձրացնում, որ երբ կմասնավորեցվի համապատասխան շենքը, այն ժամանակ էլ ներդրում կարվի: Ես կարծում եմ, սակայն, որ ճիշտ ճանապարհը փոխշահավետ համագործակցությունն է, հենց նույն բիզնեսն այլ տեսանկունից զարգացնելու հեռանկարը: Այս հուշագրով մենք հստակ ուղերձ ենք հղում գործարարներին՝ հիմք դնելով պետություն-մասնավոր համագործակցության այսպիսի մոդելի»,-նշել է Հովհաննես Հովհաննիսյանը՝ հույս հայտնելով, որ այս ձևաչափն արդյունավետ կաշխատի նաև ՀՀ մյուս մարզերում և Արցախում:

«Տավուշ-Տեքստիլ» ՍՊԸ-ի հիմնադիր Սուրեն Երիցյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ նոր կառավարությանը՝ խնդրին օպերատիվ լուծում տալու համար: «Երբ հարցը բարձրացրեցինք ՀՀ վարչապետի՝ Տավուշ այցելության ընթացքում, մեզ հետ միանգամից կապ է հաստատել ԿԳ նախարարի տեղակալը, որի արդյունքում բոլոր խնդիրները շատ արագ կարգավորվել են: Սա հավատ է ներշնչում, որ մեր հենարանը ամուր է, և ցանկացած պահի կարելի է բոլոր խնդիրները բարձրաձայնել, որոնք համատեղ լուծումներ կստանան: Այսօր իրոք ՀՀ-ում բիզնես միջավայրը լավանալու միտում ունի, որը, սակայն, նաև ժամանակ է պահանջում»,-նշել է գործարարը՝ ընդգծելով, որ լավագույն վարպետների փորձը սերունդներին փոխանցելու և այդ փորձը չկորցնելու խնդիր կա:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։