Նոր լաբորատորիա` Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջում
2018-09-27
Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջում բացվել է «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության փորձարարական լաբորատորիա, որը հնարավորություն կընձեռի ուսանողներին՝ համատեղել տեսական և գործնական գիտելիքները և ձեռք բերել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան հմտություններ: Լաբորատորիան հիմնվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում, որը 2016 թվականից իրականացնում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն՝ շվեյցարական գործընկերներ HEKS/EPER (Շվեյցարիայի եկեղեցու օգնություն) և Կիրառական գիտությունների Բեռնի համալսարանի գյուղատնտեսության, անտառային և պարենային գիտությունների դպրոց (HAFL) կազմակերպությունների հետ համատեղ:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՆ նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը, «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը և Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի տնօրեն Նունե Ավետիսյանը: Միջոցառմանը ներկա էին Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչներ, Գորիսի համայնքապետարանի ներկայացուցիչներ, գործատուներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դասախոսներ, ուսանողներ և այլ հյուրեր:
Լաբորատորիայի պաշտոնական բացման արարողությունից հետո մասնակիցները շրջել են լաբորատորիայում: