Աշխատանքային այց Կոտայքի մարզի ուսումնական հաստատություններ
2018-09-05
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը և ԿԳՆ նախնական/արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանն այցելել են ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի արհեստագործական ուսումնարան, Աբովյանի պետական և էներգետիկական քոլեջներ, ինչպես նաև Նոր Գեղիի գյուղատնտեսական քոլեջ և Բյուրեղավանի արհեստագործական ուսումնարան: Նրանք ծանոթացել են ուսհաստատությունների շենքային պայմաններին և նյութատեխնիկական բազային, զրուցել դասախոսական կազմի և ուսանողների հետ: Տնօրենների հետ քննարկվել են ընդունելության գործընթացի արդյունքները, նոր մասնագիտությունների ներդրման հնարավորությունները և այլ հարցեր: Հովհաննես Հովհաննիսյանը նշել է, որ քոլեջներում և ուսումնարաններում լուրջ խնդիր է կարգապահության հարցը, մասնավորապես, ուսանողների հաճախելիությունը գյուղական բնակավայրերում, երբ վերջիններս ժամանակ առ ժամանակ ընդգրկվում են գյուղատնտեսական սեզոնային աշխատանքներում: «Նման խնդիր հիմնականում առկա էր Բյուրեղավանի և Նոր Գեղիի ուսումնական հաստատություններում: Հստակ ու խիստ հրահանգ տրվեց տնօրեններին՝ շտկել իրավիճակը և չունենալ բացակայող ուսանողներ, նաև շեշտադրում արվեց ապահովել կրթության պատշաճ որակ և աշխատել գործատուների հետ կապի աշխուժացման վրա»,-նշել է Հովհաննես Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ այցելած ուսհաստատություններից երկուսը բավականին անմխիթար վիճակում են և մտահոգվելու տեղիք են տվել՝ ուսանողների թվի և շենքային պայմանների առումով: Նախարարի տեղակալը նաև ընդգծել է, որ հատուկ է ընտրվել ուսհաստատություններ պատահական այցերի սկզբունքը, որպեսզի տեղում ստուգվի դրանց իրական վիճակը: Հովհաննես Հովհաննիսյանը հավաստիացրել է, որ նմանատիպ այցերը կրելու են շարունակական բնույթ: