Նախարարը կոչ է արել բացառել դրամահավաքը դպրոցներում

2018-08-27

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը օգոստոսի 27-ին Գեղարքունիքի մարզպետարանում վարել է օգոստոսյան խորհրդակցություն՚ մարզի հանրակրթական  և ավագ դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցել է նաև Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը:  

Նախարարը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է կրթության ոլորտում 2018-2019 ուսումնական տարվա համար   նախատեսված և ընթացքի մեջ գտնվող  բարեփոխումները, որոնք առնչվում են դպրոցական   ծրագրերին, դասագրքերին և կրթական  չափորոշիչներին: 
Դպրոցների կառավարման ոլորտի փոփոխություններից ԿԳ նախարարը կարևորել է   տնօրենների ընտրության և հավաստագրման, կառավարման խորհուրդների գործունեության, ուսուցիչների մրցույթների կազմակերպման բարելավումը: Արայիկ Հարությունյանը տնօրեններին կոչ է արել  դպրոցներում կանխել դրամահավաքությունը,  հրաժարվել դպրոցական  միասնական համազգեստի պարտադրանքից: «Հարգելի տնօրեններ, ես խնդրում և հորդորում եմ  գործել օրենքի և իրավունքի սահմաններում:  Նախարարությունը ձեր գործընկերն է և մենք պետք է համատեղ իրականացնենք ոլորտի բարեփոխումներ»,- նշել է նա:
 Խորհրդակցության ընթացքում նախարարն անդրադարձել է նաև դպրոցների ավարտական քննությունների անցկացման միասնական մոդելի ներդրման հարցին, խոսել դպրոցների լիցենզիաների պարտադիր առկայության, ֆինանսավորման նոր բանաձևի մշակման և այլ հարցերի մասին: 
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը    կարևորել է նաև նախապատրաստական աշխատանքների կազմակերպումը, որպեսզի  2020 թվականից մարզում ներդրվի համընդհանուր ներառական կրթություն:
Խորհրդակցության ընթացքում ԿԳ նախարարը պատասխանել է նաև տնօրենների հարցերին: 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։