Օգոստոսյան խորհրդակցություններ` Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում
2018-08-27
Ուսումնական տարվան ընդառաջ տեղի ունեցող օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում շարունակվում են ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի մարզային այցելությունները: Օգոստոսի 25-ին նախարար Արայիկ Հարությունյանը խորհրդակցություններ է անցկացրել Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի դպրոցների պատասխանատուների հետ:
Նախարարը ներկայացրել է 2018-2019 ուսումնական տարվա հիմնական ուղերձներն ու փոփոխությունները, հստակեցրել կրթության ոլորտում նախարարության որդեգրած սկզբունքային մոտեցումները` շեշտելով, որ համակարգի ապաքաղաքականացումը և կրթության որակի բարձրացումն առաջնային խնդիրներ են: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ինչպես կրթության ոլորտի ընդհանուր, այնպես էլ Վայոց Ձորի և Սյունիքի մարզի առանձնահատկություններով պայմանավորված հարցեր: Նկատի ունենալով, որ երկու մարզում էլ կան սակավաթիվ աշակերտներով փոքր դպրոցներ, որոնք հիմնականում սահմանամերձ համայնքներում են գտնվում` նախարար Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ սահմանամերձ համայնքներում դպրոցների օպտիմալացում կամ փակում չի լինելու. «Մենք փոքր դպրոցների զարգացման համար հեռանկարային ենք համարում համայնքային կենտրոնի վերածվելու մոդելը: Դպրոցում կարող են կենտրոնացվել մի քանի գործառույթներ` նախակրթարան, դպրոց, գրադարան, մշակութային կենտրոն: Սահմանամերձ գյուղում դպրոցը բնակավայրի պահպանման հիմնական նախապայմանն է` սա կառավարության համար քաղաքական դիրքորոշում է»,- հայտարարել է ԿԳ նախարարը:
Պատասխանելով տնօրենների հարցերին` նախարարը նաև տեղեկացրել է, որ վերանայվում է դպրոցների ֆինանսավորման բանաձևը և, ըստ այդմ, աշակերտների թվից բացի, կիրառվելու է նաև գործակից` ըստ դասարանների թվի: Անդրադառնալով ուսուցիչների աշխատավարձի բարձրացմանը` Արայիկ Հարությունյանը նշել է, որ հարցը քննարկվում է 2019 թվականի բյուջետային հայտի մշակման համատեքստում:
Խորհրդակցությունների ընթացքում նախարարն անդրադարձել է նաև ավարտական դասարաններում միասնական ընթացակարգով ավարտական քննությունների կազմակերպման, մանկավարժների դրույքաչափերի ու տարակարգերի վերաբերյալ, ինչպես նաև հրատապ լուծում պահանջող մի շարք հարցերի: