Արայիկ Հարությունյանն ընդունել է ԻԻՀ դեսպանին
2018-08-15
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:
Ողջունելով հյուրին` Արայիկ Հարությունյանը նշել է, որ հայ-իրանական բարեկամական հարաբերությունները դրսևորվում են նաև կրթության և գիտության ոլորտներում և առկա համագործակցության մակարդակը բավարար հիմք է տալիս հետագա համատեղ ծրագրերի տեսլականը քննարկելու համար: «Անշուշտ, մենք հավատարիմ ենք մեր պետությունների միջև նախկինում կնքված հուշագրերի շրջանակում նախատեսված պարտավորություններին ու պատրաստակամ՝ քննարկելու նոր համատեղ ծրագրեր, որոնք հայ-իրանական հարաբերությունները կրթության և գիտության ոլորտում նոր որակական աստիճանի կբարձրացնեն»,- նշել է ԿԳ նախարարը:
Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին ողջունելով նախարար Հարությունյանին` իր խոսքում վերահաստատել է իրանական կողմի պատրաստակամությունը՝ զարգացնելու առկա կրթագիտական համագործակցությունը: Դեսպանն ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունների ամրապնդումը պայմանավորված է նաև գիտակրթական և միջհամալսարանական հարաբերությունների զարգացմամբ: Նա հաստատել է, որ Իրանի կառավարությունը պատրաստակամ է Հայաստանի քաղաքացիներին Իրանի բուհերում դոկտորական տեղերի տրամադրման հարցում: Դեսպանը ՀՀ կրթության և գիտության նախարարին է փոխանցել նաև Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական այցի հրավերը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են միջբուհական հարաբերությունների ամրապնդման, ուսանողների և դասախոսների փոխանակման, Հայաստանում պարսկերեն լեզվի դասընթացների կազմակերպման, նանոտեխնոլոգիաների ոլորտում համագործակցության, ինչպես նաև աշխատանքային այլ հարցերի: