Բարձրագույն կրթության հիմնախնդիրները` քննարկման առանցքում
2018-08-07
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակության կազմում օգոստոսի 5-6-ը աշխատանքային այցով գտնվել է Վրաստանում:
Այցի շրջանակում ԿԳ նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Վրաստանի ԿԳ նախարարի բարձրագույն կրթության և գիտության ոլորտը համակարգող տեղակալ Ալեքսանդր Թեվզաձեի հետ, ում հետ քննարկվել են բարեփոխումներին վերաբերող հարցեր: Հարևան երկրի պաշտոնյան ներկայացրել է բարձրագույն կրթության և գիտության, ինչպես նաև կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումները` նշելով, որ Վրաստանում այժմ քննարկվում է մի քանի ոլորտների կառավարման մարմինների միավորման հարցը: Կողմերն առանձնակի կարևորել են բարձրագույն կրթության և գիտության ոլորտների երկկողմ համագործակցությունը: Անդրադարձ է եղել համատեղ գիտահետազոտական նախագծերի իրականացման հնարավորություններին, բարձրագույն կրթության երրորդ աստիճանի, մասնավորապես PhD-ի վերաբերյալ մի շարք հարցերի: Վրաստանը, ինչպես և Հայաստանը անդամակցում է Հորիզոն 2020 ԵՄ ծրագրին և ունի գիտական հայտերի և դրամաշնորհների ներկայացման գրեթե նույն խնդիրները: Այս տեսանկյունից կողմերն ընդգծել են, որ համատեղ նախագծերի ներկայացումը կարող է երկուստեք արդյունավետ լինել: Քննարկվել են նաև բուհերի հավատարմագրմանը, որակի ապահովմանը և ուսանողների փոխանակմանն առնչվող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռքբերվել հետագա համագործակցության վերաբերյալ:
ԿԳ նախարարի տեղակալն այցելել է նաև Թբիլիսիում գործող միջազգային բժշկական համալսարան (New Vision University), որի նպատակն է ընդունել հիմնականում արտասահմանցի ուսանողներ և աշխատել միջազգային կրթական շուկայի համար, ինչը հեռանկարային ուղղություն է նաև Հայաստանի համար: