Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Համահայկական կրթական 8-րդ խորհրդաժողովի մասնակիցներին

2018-08-02

Ի սրտե ողջունում եմ Համահայկական կրթական 8-րդ խորհրդաժողովի մասնակիցներին,  հյուրերին, կազմակերպիչներին։

Ուրախ եմ, որ խորհրդաժողովը Հայաստանում է հավաքել արտերկրում հայկական կրթության ու դաստիարակության հարցերով նվիրյալներին՝ ուսուցիչներին և ազգային կրթության գործի պատասխանատուներին։
Արտերկրի յուրաքանչյուր կրթօջախ ջանքեր չի խնայում հայերենը, հայ միտքը, բանավոր ու գրավոր խոսքը պահպանելու համար: Մեր մշակութային ինքնությունն ազգային անվտանգության կարևոր բաղադրիչներից է և այն պահպանելու ու զարգացնելու համար անհրաժեշտ է պետական լուրջ քաղաքականություն:
Դրա հետ մեկտեղ, մեր նպատակն է ապահովել աշխարհի առաջատար կրթական չափորոշիչներին համապատասխան այնպիսի կրթություն, որը կձևավորի առաջադեմ և զարգացած սերունդ։ Ուսումնամեթոդական աջակցության, կրթական չափորոշիչների, արտերկրում հայագիտական ամբիոնների գործունեության, միջազգային դաշտում արդյունավետ համագործակցության հետ կապված հարցերը պետք է քննարկվեն և ստանան համապատասխան լուծումներ: Այս առումով, Հայաստանի Հանրապետության կառավարության քայլերը լինելու են առավել առարկայական ու նպատակային:
Համոզված եմ, որ նմանօրինակ համաժողովների անցկացումը կնպաստի կրթության ոլորտում Հայաստան-սփյուռք կապերի հետագա ամրապնդմանն ու համատեղ նոր ծրագրերի իրականացմանը: 
Խորհրդաժողովի մասնակիցներին մաղթում եմ արգասաբեր և արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ կրթության որակի բարձրացման և հայապահպանության: 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։