Նոր ուղիներ` հայ-վրացական կրթական համագործակցության

2018-07-25

Հայ-վրացական կրթական հարաբերությունների ամրապնդումն ու համագործակցության նոր ուղիների նախանշումն է եղել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի և Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի  հանդիպման առանցքում:
Ողջունելով դեսպանին՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ հայ-վրացական  բարեկամական ջերմ հարաբերություններում կրթության ոլորտն առանձնահատուկ դեր ունի և դա է պատճառը, որ պաշտոնավարման այս կարճ ժամանակահատվածում արդեն հասցրել է Վրաստանի իր գործընկերոջ հետ նախանշել համագործակցության որոշակի ուղղություններ: Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Վրաստանի հայկական դպրոցները՝  հայոց լեզվի և գրականության դասագրքերով ապահովելու խնդրին՝ միաժամանակ ընդգծել է, որ հայ-վրացական հարաբերություններում յուրաքանչյուր հարց ժամանակի ընթացքում լուծում է ստանում՝ հատկապես, երբ առկա է  քաղաքական կամք: 
Իր հերթին Վրաստանի դեսպանն ընդգծելով երկու երկրների բարեկամական հարաբերությունները՝ պատրաստակամություն է հայտնել կրթության ոլորտում  բարեփոխումների փորձի փոխանակման և մարտահրավերներին համատեղ դիմակայելու առնչությամբ: Դեսպան Սագանելիձեի խոսքով՝ հայ-վրացական հարաբերություններում չկա հարց, որ լուծում չստանա:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև առաջիկայում ՀՀ ԿԳ նախարարի Վրաստան կազմակերպվելիք այցին, որի ընթացքում հարևան երկրների կրթական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն  հայ-վրացական կրթական  համագործակցության նոր ուղիները և առկա խնդիրները:
 Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության ներկա վիճակի՝ մասնավորապես, ուսանողների փոխանակման և կրթաթոշակների տրամադրման հնարավորության ընդլայնման,  Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցության, Վրաստանի հայկական դպրոցների գրադարանները  հայերեն լեզվով գեղարվեստական գրականությամբ համալրելու,   ուսուցիչների վերապատրաստման դասընթացների մեթոդաբանության անհրաժեշտության  և այլ հարցերի վերաբերյալ ։ 
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են ակտիվ երկխոսության միջոցով վերհանել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերը և ապահովել հետագա շարունակական համագործակցությունը:
 

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։