Ակտիվ քաղաքացին և որակյալ մասնագետը նոր Հայաստանի կերտման հիմքն են. Արայիկ Հարությունյան
2018-07-06
Հուլիսի 5-ին՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առիթով Գավառի պետական համալսարանում տեղի է ունեցել բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը։ Հանդիսովոր միջոցառմանը ներկա է գտնվել Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը հանձնել է մագիստրատուրայի գերազանց շրջանավարտների դիպլոմները և շնորհավորել բոլոր շրջանավարտներին բուհն ավարտելու և մասնագիտական որակավորում ստանալու կապակցությամբ: Նախարարի խոսքով խորհրդանշական է, որ դիպլոմների հանձնումը համընկնում է պետական տոնի՝ ՀՀ Սահմանադրության օրվա հետ. «Ակտիվ քաղաքացին և որակյալ մասնագետը նոր Հայաստանի կերտման հիմքն են, ակտիվ մասնակցեք իրավական պետության կայացման գործընթացին և հիշեք, որ կրթությունը շարունակական և մշտական շրջափուլ է, այն չի ավարտվում դիպլոմ ստանալով»,-իր ողջույնի խոսքում նշել է Արայիկ Հարությունյանը։
Միջոցառմանը ներկա են եղել նաև Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը, շրջանավարտների ծնողներ, համալսարանականներ, հյուրեր։