Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպանին
2018-06-25
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային:
ԿԳ նախարարը կարևորել է կրթության համակարգում հայ-ճապոնական հարաբերությունների ակտիվացումն ու հետագա զարգացումը: Նա ընդգծել է, որ նոր կառավարության կողմից գերակա ճանաչված կրթության ոլորտում ճապոնիայի հետ փոխգործակցության շրջանակում ծրագրերի և կուտակված փորձի փոխանակման լայն հնարավորություններ են բացվում: Ներկայացնելով ոլորտում նախանշվող բարեփոխումները՝ Արայիկ Հարությունյանը կարևորել է համագործակցությունը հանրակրթության ոլորտում, մասնավորապես՝ դպրոցների սեյսմիկ անվտանգության, «կանաչ դպրոցների» ուղղությամբ:
Իր հերթին դեսպան Յամադան շնորհակալություն հայտնելով ոլորտում առկա համագործակցության առնչությամբ` հավաստիացրել է, որ, կներդնի հնարավոր բոլոր ջանքերը կրթության և գիտության ոլորտներում հայ-ճապոնական համագործակցության ամրապնդման ուղղությամբ:
Զրուցակիցները հեռանկարային են համարել համագործակցության խորացումը հանրակրթության, բարձրագույն կրթության, գիտության ոլորտներում, ինչպես նաև բնագիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հետագա համագործակցությանն առնչվող մի շարք աշխատանքային հարցեր: