Ասիական զարգացման բանկը փորձագիտական օժանդակություն է տրամադրում կրթական բարեփոխումներին

2017-06-13

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Ասիական զարգացման բանկի  Հայաստանյան  գրասենյակի տնօրեն Շեյն  Ռոզենտալը,  բանկի սոցիալական դեպարտամենտի տնօրեն Ռայ Հիրաոկայի, և  կրթության փորձագետ Ջոկո Սարվիի հետ:  Հանդիպման ընթացքում քննարկվել են Ասիական զարգացման բանակի հետ կրթության և գիտության ոլորտում նախատեսված համագործակցության ծրագրերը:
Ողջունելով հյուրերին՝ ԿԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանի կրթության համակարգն այժմ գտնվում է զարգացման կարևոր փուլում. տարիների ընթացքում եվրոպական կրթական չափանիշներով ներդրված ձևաչափը ժամանակին և ազգային ավանդույթներին համահունչ  բովանդակային առաջընթացի և զարգացման անհրաժեշտություն  ունի: Լևոն Մկրտչյանը կարևորել է Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությունը, մասնավորապես փորձագիտական օժանդակությունը Կրթության զարգացման պետական ծրագրի և դրանից բխող գործառնական ենթածրագրերի լրամշակման և հանրակրթության կառավարման համակարգի՝ դպրոցական, տարածքային և ազգային մակարդակներում բարելավման ուղղություններով: Նախարարն իր խոսքում անդրադարձել է նախարարության, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և Ասիական զարգացման բանկի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությանը,  միաժամանակ ընդգծելով նաև ուսուցիչների պատրաստման և վերապատրաստման հեռանկարային ծրագրի կարևորությունը, որն այժմ քննարկումների փուլ է անցնում:
Ասիական զարգացման բանկի  Հայաստանյան  գրասենյակի տնօրեն Շեյն  Ռոզենտալն իր հերթին  շեշտելով, արդյունավետ  քաղաքականության իրագործման և դրական արդյունքների ապահովման կարևորությունը, պատրաստակամություն է հայտնել շարունակել քննարկումները վերը նշված հեռանկարային ծրագրի աջակցության  ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև համագործակցության շրջանակում տեխնիկական և աշխատանքային մի շարք հարցեր:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։