Քննարկվել են «Կոռուպցիոն ռիսկերի գնահատում ՀՀ հանրակրթության բնագավառում» հետազոտության արդյունքները
2017-03-06
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է «Թրանսփարենսի ինտերնեշենլ», «Պահանջատեր հասարակություն. Պատասխանատու կառավարում», «Հանրային քաղաքականություն» հասարակական կազմակերպությունների և USAID-ի Ժողովրդավարության, առողջապահության և սոցիալական բարեփոխումների Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչներին:
Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել վերոնշյալ կազմակերպությունների «Կոռուպցիոն ռիսկերի գնահատում ՀՀ հանրակրթության բնագավառում» հետազոտության արդյունքները: Կարևորելով հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը՝ նախարար Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ Կրթության և գիտության նախարարությունը բարձր է գնահատում հասարակական կազմակերպությունների բոլոր նախաձեռնությունները, որոնք ուղղված են կրթության ոլորտում որակական նոր մակարդակի ապահովմանը և բարեփոխումների արդյունավետության բարձրացմանը: Նախարարն իր խոսքում կարևորել է «Թրանսփարենսի ինտերնեշենլ» կազմակերպության՝ տարիներ շարունակ ծավալած հետևողական գործունեությունը՝ ընգծելով, որ այն իսկապես լուրջ աջակցություն է կրթության համակարգում առավել թափանցիկ և գործուն մեխանիզմների ներդրմանը:
Ներկայացնելով հետազոտությունը` «Թրանսփարենսի ինտերնեշենլ» կազմակերպության գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը տեղեկացրել է, որ կատարվել է որակական ուսումնասիրություն թիրախային 3 ուղղություններով` վճարովի պարապմունքներ, ներառական կրթություն և դասագրքերի հրատարակություն: Նա ողջունել է այն հանգամանքը, որ մինչ հետազոտության արդյունքները հանրությանը ներկայացնելը` ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նմանատիպ քննարկում է կազմակերպվել, ինչը հնարավորություն է տալիս կրթության ոլորտի պատասխանատուների հետ քննարկել վերհանված խնդիրները և առաջարկություններ ներկայացնել դրանց լուծման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում նշվել է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունն այլ հասարակական կազմակերպություններից ևս ստացել է որոշակի հետազոտություններ, որոնք թեմատիկ առումով կրկնություններ են պարունակում, ապա առաջարկվել է ստեղծել կրթության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների աշխատանքային խումբ, որը միասնական մեխանիզմներ կառաջարկի կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացում: