Տեխնոլոգիական շարժմանը մասնակցում են 3000-ից ավելի դպրոցականներ

2016-11-09

2016 թ.-ի մարտին ՀՀ կրթության և գիտության նախարարության և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ «ՀՀ համայնքներում և հանրակրթության համակարգում նախնական ինժեներական կրթության ներդրում» ծրագրի շրջանակում համագործակցելու վերաբերյալ: Ըստ հուշագրի՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել ծրագրի իրականացման նպատակով համատեղել ջանքեր գործադրել անհրաժեշտ ներդրումներ ներգրավելու համար: ՀՀ ԿԳ նախարարությունում  հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) փոխտնօրեն Հայկ Չոբանյանը ներկայացրել է ծրագրի արդյունքներն ու առկա ձեռքբերումները: Ասուլիսին մասնակցել են նաև ծրագրում ընդգրկված դպրոցներից Երևանի թիվ 173 դպրոցի խմբավար Կարապետ Մանուկյանը, Այգեկ գյուղի դպրոցի տնօրեն Ռուզաննա Արիստակեսյանը և Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի դոցենտ, խմբակավար Նունե Օրդյանը: 

Հայկ Չոբանյանն իր խոսքում նշել է. «Ինժեներական «Արմաթ» լաբորատորիաներն արդեն վերածվել են տեխնոլոգիական շարժման և համախմբում են շուրջ 160 դպրոցների 3000-ից ավելի տաղանդավոր դպրոցականների: «Արմաթ» լաբորատորիաները, գործելով հիմնականում մարզերում և սահմանամերձ բնակավայրերում, նպատակ ունեն տնտեսության կայուն զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծել: Լաբորատորիաներում սովորող աշակերտները 3-4 տարվա ընթացքում ձեռք են բերում ինժեներական գիտելիքների այնպիսի պաշար, ստեղծագործականություն և ճկունություն, որ կարող է նպաստել կարճ ժամանակահատվածում ձեռներեցությամբ զբաղվելու, ընտանիքի և համայնքի հոգսերը հոգալու համար»,- նշել է Հ. Չոբանյանը՝ հավելելով, որ ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՆ-ի հետ սերտ համագործակցությամբ: Խմբակները գործում են անվճար և նախատեսված են 10-18 տարեկան երեխաների և պատանիների համար: Չոբանյանի խոսքով նպատակ է դրված մինչև 2019 թվականն այդպիսի լաբորատարիաների թիվը հասցնել 1200-ի: «Ծրագիրն սկսելու ժամանակ մտահոգություն կար, որ մեծ պատասխանատվություն ենք վերցնում և հնարավոր է կրթական ծրագիրը հաջողություն չունենա:  Բայց մյուս կողմից կար շատ մեծ ոգևորություն, որ մենք գործ ունենք մարդկային ռեսուրսների զարգացման հետ, քանի որ ինժենարակական մասնագիտություներն այսօր աշխարհում ունեն ամենամեծ պահանջարկը: Այսօր կարող ենք արձանագրել, որ այս կրթական ծրագիրը հաջողված էր և անպայման ունենալու է զարգացում: Այս խմբակների հիմնական նպատակը ավելի մեծ թվով երեխաների դեպի ինժեներական մասնագիտություններ ուղղորդելն է: Այս երեխաների մի մասը վստահաբար ապագայում դառնալու ենք բարձրակարգ ինժեներներ, 3D մոդելավորման, էլեկտրոնիկայի և ավտոմատիկայի մասնագետներ: Իհարկե պարտադիր չէ, որ բոլոր խմբակ հաճախող երեխաները դառնան տեխնոլոգիական մասնագետներ: Բայց այսօր մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ տեխնոլոգիաները մեծ նշանակություն ունեն բոլոր ոլորտներում: Այդ իմաստով երեխաների մյուս մասը, որոնք գնալու են այլ ուղղությամբ, վստահաբար իրենց ունեցած տեխնոլոգիական գիտելիքների և հմտությունների շնորհիվ լինելու են ավելի մրցունակ մասնագետներ»,- նշել է Հ. Չոբանյանը՝ հավելելով, որ ներկայումս ՀՀ համախառն ներքին արդյունքի մոտ 5 տոկոսը բաժին է ընկնում ինֆորմացիոն տեխնոլոգիաների ճյուղին, որը բավականին լուրջ ցուցանիշ է: Բանախոսն ընդգծել է նաև, որ այս ոլորտում մենք ունենք շատ մեծ զարգացման պոտենցիալ: ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համագործակցության շրջանակում՝ «Արմաթ» լաբորատորիաները ներդրվել են նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում՝ քոլեջներում և ուսումնարաններում. «Մենք նաև ուսումնական կենտրոն ենք բացել, որտեղ կարող են սովորել հիմնական դպրոցի շրջանավարտները: Ավագ դպրոցի փոխարեն սովորելով այդ կենտրոններում, նրանք 4 տարվա ընթացքում կարող են ստանալ մասնագետի որակավորում և տեղ գրավել աշխատաշուկայում»,- նշել է Հ. Չոբանյանը: Ասուլիսին ներկա Այգեկ գյուղի դպրոցի տնօրեն Ռուզաննա Արիստակեսյանի խոսքով՝ ծրագրի ներդրումը դպրոցներում հեռանկարային է համարվում. «Կոնկրետ գյուղական համայնքներում սա շատ օգտակար է այն առումով, որ երեխաներն իրենք կարող են այս լաբորատորիաներում իրենց գործիքները հեղինակել: Խմբակը դպրոցում հետաքրքիր և աշխույժ միջավայր է ստեղծում. խմբակներին հաճախում են տարբեր առաջադիմությամբ երեխաներ»,- նշել է Ռուզաննա Արիստակեսյանը: Դեցենտ Ն. Օրդյանի խոսքով՝ կոնկրետ չափանիշներ, թե որ երեխաներն են ավելի լավ արդյունքներ ցուցաբերում ինժեներական խմբակներում, չկան.« Շատ արագ ըմբռնող և տեխնոլոգիաները հեշտ սովորող սերունդ ունենք»,- նշել է նա:
Երևանի թիվ 173 դպրոցի խմբավար Կարապետ Մանուկյանի խոսքով՝ պարապմունքները կազմակերպվում են ինչպես թիմային այնպես էլ անհատական նախագծերի շրջանակում. «Նախագծերը ոչ միայն ուսումնական, այլ նաև պրակտիկ նշանակություն ունեն: Օրինակ մեր խմբակի նախագիծը նախորդ տարի տեխնոլոգիական մրցույթում հաղթող ճանաչվեց: Մենք նաև փորձնական արտադրություն ենք իրականացնում »,- նշել է Կ. Մանուկյանը: Նշենք, որ խմբակավարների համար ԻՏՁՄ-ն կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ: Նշենք, որ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագիրը հոկտեմբերին ՏՏ համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technology - WCIT) շրջանակում` Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) կողմից Բրազիլիայում կազմակերպված WITSA Global Excellence Award մրցանակաբաշխության ժամանակ ստացել է մրցանակ «Կայուն զարգացում» (Sustainable growth) անվանակարգում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։