Կստորագրվի համագործակցության նոր հուշագիր
2016-10-21
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին: Ողջունելով դեսպանին` նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ հայ-իտալական բարեկամական հարաբերությունները, որոնք դարերի պատմություն ունեն, մեր երկրի համար կարևորվում են հատկապես` կրթամշակութային ոլորտում: Այդ համատեքստում` Լևոն Մկրտչյանը կարևորել է համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված գործնական քայլերի իրականացումը: Հանդիպման ընթացքում հիմնականում զրույցը ծավալվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության և Իտալիայի Հանրապետության կրթության, համալսարանների և հետազոտությունների նախարարության միջև կրթության և գիտության ոլորտում առաջիկա շաբաթվա ընթացքում կնքվելիք համագործակցության հուշագրի ստորագրումը: Հուշագրի համաձայն` նախատեսվում է միջնակարգ, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության, ինչպես նաև հետազոտական հաստատությունների միջև ուղիղ կապերի հաստատում և զարգացում, ուսանողների, հետազոտողների փոխանակումներ` միմյանց կրթական և գիտական փորձառության փոխճանաչում: Հուշագիրը կնպաստի հետազոտողների և պրոֆեսորների միջև փորձի և հմտությունների փոխանակմանը, կօժանդակի դասընթացների, համատեղ սեմինարների, գիտաժողովների կազմակերպմանը, կխթանի համատեղ նախագծերի մշակմանն ու իրականացմանը:
Շնորհակալություն հայտնելով կրթության ոլորտում առկա համագործակցության առնչությամբ` դեսպան Ջովաննի Ռիչուլլին հույս է հայտնել, որ այդ հուշագրի ստորագրումը նոր թափ կհաղորդի գիտակրթական ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ամրապնդմանը և զարգացմանը: