Ազգային ժողովի գավաթի խաղարկություն
2008-07-08
Ավարտվեցին 2007-2008 ուսումնական տարվա Ազգային ժողովի գավաթի խաղարկության մրցումները, որը կազմակերպել էին Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի հանձնաժողովը, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, Հայաստանի օլիմպիական կոմիտեն, «Սպորտը բոլորի համար» և «Աշխատանքային ռեզերվներ» մարզական կազմակերպությունները:
Մրցումների նպատակն է` աճող սերնդի մեջ արմատավորել առողջ ապրելակերպ ու դաստիարակել հայրենիքի պաշտպանությանը պատրաստ ապագա քաղաքացիներ: Ազգային ժողովի գավաթի խաղարկության մրցումներին, որոնք անցկացվում են 2000-2001 ուսումնական տարվանից, մասնակցում են Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դպրոցների աշակերտները: Մրցումները կազմակերպվում են չորս փուլով` միջդասարանական, միջդպրոցական, միջմարզային և հանրապետական: 2007-2008 ուսումնական տարվա մրցումներին մասնակցել է շուրջ 270 հազար աշակերտ:
Հանրապետական եզրափակիչ փուլին մասնակից տասներկու թիմերից առաջին տեղը գրավեցին Շիրակի մարզի, երկրորդը` ԼՂՀ-ի, երրորդը` Գեղարքունիքի թիմերը:
Առաջին տեղը գրաված թիմը ստացավ Ազգային Ժողովի գավաթը, դիպլոմներ և հավաստագրեր, ինչպես նաև մեկ միլիոն դրամ արժողությամբ մարզական գույք և մարզահագուստ: Երկրորդ տեղը գրաված թիմը ստացավ ՀՀ կրթության և գիտության նախարարության գավաթը, դիպլոմներ և հավաստագրեր, մարզական գույք և մարզահագուստ: Երրորդ տեղը գրաված թիմը ստացավ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության գավաթը, դիպլոմներ և հավաստագրեր, մարզական գույք և մարզահագուստ: 4 -12 տեղեր գրաված թիմերն արժանացան «Աշխատանքային ռեզերվներ» մարզական կազմակերպության հավասատագրերին, ինչպես նաև տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների սահմանած մրցանակներին ու պարգևներին: