Համագործակցություն` մասնագիտական կրթության ոլորտում
2008-08-28
Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան Ռազմական համագործակցության գրասենյակի կողմից իրականացվող Կանզաս-Հայաստան պետական երկկողմ համագործակցության ծրագրի շրջանակներում Երևանում էին գտնվում ԱՄՆ Կանզաս նահանգի՝ Կանզասի տեխնիկական դպրոցի տնօրեն Ռիչարդ Հոֆմանը, Մանհեթթենի տեխնիկական քոլեջի տնօրեն Ռոբերտ Էդլեստոնը և Կանզասի տարածաշրջանային աշխատուժի զարգացման խորհրդի փոխնախագահ Բլեկ Ֆլանդերսը:
Հյուրերը հանդիպումներ ունեցան ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչների, քոլեջների և ուսումնարանների տնօրենների հետ: Քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես` կրթության և գիտության նախարարության նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ա. Աղբալյանը հյուրերին ներկայացրեց Հայաստանում մասնագիտական կրթության հիմնախնդիրները, զարգացման ռազմավարությունը և ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը: Ամերիկացի գործընկերներն այցելեցին նաև Գյումրու N2 արհեստագործական ուսումնարան և Վանաձորի տեխնոլոգիական քոլեջ, որը «ՏԱՍԻՍ» ծրագրի շրջանակներում իրականացնում է փորձնական ծրագիր: Կրթօջախներում հյուրերը ծանոթացան ուսումնական պլաններին, մոդուլային ուսուցման համակարգին, նյութատեխնիկական բազային, ինչպես նաև մասնակցեցին քոլեջում ընթացող դասախոսների վերապատրաստման դասընթացին:
Հանդիպումների արդյունքում ճշգրտվեցին մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության զարգացման եզրերը, կրթօջախների միջև կապերի հաստատման և փորձի փոխանակման հետագա հնարավորությունները: