«Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամ

2008-08-22

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր կազմակերպվել էր մամուլի ասուլիս` նվիրված «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամի ստեղծմանը: Կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը, անդրադառնալով հիմնադրամի նախաձեռնող խմբի տասնամյա գործունեությանը, բարձր գնահատեց հիմնադրամի պատվավոր նախագահ, սփյուռքահայ բարերար Գաբրիել Ջամբարջիի գործունեությունը Հայաստանի հանրակրթական դպրոցների նյութատեխնիկական հենքն արդիականացնելու գործում:

Բարերարի և նրա համախոհների ջանքերով Հայաստանի շուրջ 530 դպրոց համալրվել են ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության լիակազմ լաբորատորիաներով` հագեցած սարքավորումներով և փորձերի կատարման համար անհրաժեշտ նյութերով: Նախարարը կարևորեց հիմնադրամի համահայկական ծրագրեր իրականացնելու միտումը, որը ներառելու է նաև աջակցություն սփյուռքում գործող հայկական կրթօջախներին: «Արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպվող սփյուռքահայ ուսուցիչների ամենամյա վերապատրաստման գործընթացին հիմնադրամի մասնակցության վերաբերյալ: Հիմնադրամը պատրաստակամ է աջակցել հայագիտական առարկանների սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստմանը»,- նշեց նախարարը:
Սփյուռքահայ բարերար Գ. Ջամբարջին, ներկայացնելով կատարված աշխատանքները, նշեց նաև այն ծրագրերը, որոնք ընդգրկվելու են հիմնադրամի հետագա գործունեության շրջանակներում: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանը հիմնադրամի պաշտոնապես գրացման նպատակը ձևակերպեց որպես նախաձեռնողների գործունեության ընդլայնման և նոր բարերարների ներգրավման հնարավորություն: «Հիմնադրամի գործունեությունը կընդգրկի նաև Արցախը: Շուրջ 30 լիակազմ լաբորատորիաներ կտրամադրվեն Արցախի հանրակրթական դպրոցներին: Հիմնադրամն առաջիկայում կընդլայնի աջակցությունը վճարովի համակարգում սոցիալապես անապահով ուսանողների, դասախոսների մասնագիտական ուսումնասիրությունների հրատարակման ուղղությամբ: Կսահմանվեն նաև կրթաթոշակներ լավագույն ուսանողների համար»,- նշեց Լ. Սարգսյանը:
Նախարար Ս. Սեյրանյանը, կարևորելով կրթության և գիտության նախարարության ու հիմնադրամի հետագա համագործակցությունը, շնորհավորեց նաև Գ. Ջամբարջիին` Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնալու կապակցությամբ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։