Հայ-վրացական համագործակցություն
2008-06-27
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը և Վրաստանի կրթության և գիտության նախարար Գեորգի Նոդիան այսօր Երևանում ստորագրեցին «Վրաստանի կրթության և գիտության նախարարության և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության միջև կրթության և գիտության ոլորտում 2008-2011թթ. համագործակցության վերաբերյալ» ծրագիրը: Ծրագրի համար հիմք է ընդունվել 1997թ. ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև գիտատեխնիկական համագործակցության մասին» Համաձայնագիրը:
Համաձայն ծրագրի` համագործակցության արդյունավետության բարձրացման համար նախատեսվում է կրթական համակարգում ընթացող բարեփոխումների վերաբերյալ միմյանց տրամադրել համապատասխան տեղեկատվություն: Կողմերը պարտավորվում են նաև միմյանց տրամադրել 10 բուհական և 5 ասպիրանտական ամենամյա կրթաթոշակ` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մասնագիտություններով: Քայլեր կձեռնարկվեն երկու երկների կրթական հաստատությունների միջև ուղղակի կապերի հաստատման և հարաբերությունների հետագա զարագացման, աշակերտների և ուսուցիչների փոխայցելությունների ապահովման և աշակերտական համատեղ ճամբարների կազմակերպման ուղղությամբ:
Ծրագիրը նախատեսում է գիտության ոլորտում համագործակցության զարգցում, մասնավորապես երկրաբանության և սեյսմոլոգիայի, նանոտեխնոլոգիայի, աստղաֆիզիկայի և կյանքի գիտությունների բնագավառներում գիտական հետազոտություններ կատարելու ուղղությամբ: