Ստորագրվեց հայ-վրացական համագործակցության ծրագիր
2008-06-27
Հայաստանի Հանրապետության ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանը և Վրաստանի ԿԳ նախարար Գեորգի Նոդիան այսօր Երևանում ստորագրեցին կրթության և գիտության ոլորտում 2008-2011թթ. համագործակցության ծրագիրը: Ծրագրի համար հիմք է ընդունվել 1997թ. ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև գիտատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը:
Նախարար Ս. Սեյրանյանը, ողջունելով վրացի գործընկերներին, հույս հայտնեց, որ հայ-վրացական կապերն այսուհետ ավելի կակտիվանան եւ գործնական բնույթ կկրենÖ‰ Վրաստանի կրթության և գիտության նախարարն էլ, իր հերթին խոսելով բարեկամական հարաբերությունների մասին, շեշտեց, որ քառամսյա պաշտոնավարման ընթացքում հայաստանյան այցն իր առաջին պաշտոնական այցելությունն է, իսկ ստորագրվող ծրագիրը՝ առաջին նման փաստաթուղթը:
Ըստ այդմ, կողմերը պարտավորվում են միմյանց տրամադրել 10 բուհական և 5 ասպիրանտական ամենամյա կրթաթոշակ` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մասնագիտություններով: Քայլեր կձեռնարկվեն երկու երկրների կրթական հաստատությունների միջև ուղղակի կապերի հաստատման և հարաբերությունների հետագա զարգացման, աշակերտների և ուսուցիչների փոխայցելությունների ապահովման և աշակերտական համատեղ ճամբարների կազմակերպման ուղղությամբ: Համագործակցության արդյունավետության բարձրացման համար նախատեսվում է կրթական համակարգում ընթացող բարեփոխումների վերաբերյալ միմյանց տրամադրել համապատասխան տեղեկատվություն:
Ծրագիրը նախատեսում է գիտության ոլորտում համագործակցության զարգացում, մասնավորապես, երկրաբանության և սեյսմոլոգիայի, նանոտեխնոլոգիայի, աստղաֆիզիկայի և կյանքի գիտությունների բնագավառներում գիտական հետազոտությունների ուղղությամբ:
ՀՀ ԿԳ նախարարը շեշտեց, որ, քանի որ երկու երկրներն էլ միացել են Բոլոնիայի գործընթացին, այդ ուղղությամբ եւս նախատեսվում է ստեղծել համատեղ աշխատանքային խմբերÖ‰ Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Գ. Նոդիան հայտնեց, որ քայլեր են ձեռնարկվում ոչ վրացախոս՝ այդ թվում նաեւ հայ շրջանավարտների ընդունելությունը վրացական բուհեր դյուրացնելու նպատակովÖ‰