«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՄԱԿԱՐԴԱԿ ԱՍՏԻՃԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾ

2008-06-17

 ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Հայաստանի Հանրապետությունում երկաստիճան գիտական աստիճանաշնորհման համակարգի զարգացման անհրաժեշտությունն ամրագրված է «Հայաստանի Հանրապետությունում գիտության ոլորտի բարեփոխումների հայեցակարգային դրույթներում», ինչպես նաև՝ ՀՀ կառավարության 2008 թվականի միջոցառումների ծրագրում:
Հայաստանի Հանրապետությունում աստիճանաշնորհման համակարգի զարգացումը պայմանավորված է գիտական ներուժի շարունակական վերարտադրության, արդի պահանջներին համապատասխանող գիտական կադրերի առաջարկի և պահանջարկի գնահատման և համապատասխանեցման անհրաժեշտությամբ:
Գիտական աստիճանաշնորհման և գիտական որակավորման ներկայումս գործող համակարգը  ամրագրված է 2000թ. ընդունված «Գիտականևգիտատեխնիկականգործունեու­թյանմասին» ՀՀ օրենքում, համաձայն որի՝ ՀՀ-ում շնորհվում են գիտության թեկնածուի և գիտության դոկտորի գիտականաստիճաններ, ինչպես նաև՝ դոցենտի  և պրոֆեսորի գիտականկոչումներÖ‰
Գիտական աստիճանաշնորհման համակարգը  կանոնակարգող փաստաթղթերը էականորեն չեն տարբերվում խորհրդայինից, որով իրականացվում էր գիտական աստիճանաշնորհման ԽՍՀՄ որդեգրած քաղաքականությունը: Հատկապես հստակորեն էին իրականացվում աստիճանաշնորհման որակի վերահսկողության գործառույթները, քանի որ դրանք իրականացնելիս օգտագործվում էր ԽՍՀՄ գիտակրթական տարածքը:
Ներկայումս գիտական աստիճանաշնորհման համակարգում հասունացել է բարեփոխումների անհրաժեշտությունը, քանի որ Հայաստանն ունի համեմատաբար սահմանափակ ռեսուրսներով գիտակրթական տարածք, գիտության, կրթության առջև դրված նոր խնդիրներ և միջազգային նոր պարտավորվածություններ:Ներկայումս   գիտական աստիճանաշնորհման համակարգում գործող չափանիշների հստակության բացակայության պատճառով աստիճանաշնորհման գործընթացը կարիք ունի բարեփոխումների, որոնք հնարավորություն կտան որոշակի սկզբունքներով կանոնակարգել դաշտը, վերակազմավորել մասնագիտական խորհուրդները` մեծացնելով դրանց պատասխանատվությունը:
Այդ նպատակների իրականացման համար կարճ ժամկետում անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները.
·    վերլուծել և գնահատել Հայաստանի Հանրապետությունում առկա գիտական ներուժը,
·    ուսումնասիրել և գնահատել գիտական կադրերի վերաբերյալ պահանջարկը և առաջարկը,
·    ստեղծել գիտական ներուժի ազգային բանկ,
·   ներդնել անկախ փորձագիտական համակարգ՝ ներառելով արտերկրում գործող հայ գիտնականներին ևս,
·   վերամշակել գիտական աստիճանաշնորհման համակարգի կանոնակարգող փաստաթղթերը,
·   ստեղծել և ներդնել ատենախոսությունների արդյունքների և դրույթների հրատարակման ժամանակակից գիտության պահանջներին բավարարող, գիտական պարբերականներին, հրատարակություններին ներկայացվող չափանիշներ:
Վերը նշված խնդիրների լուծման համար անհրաժեշտ է.
·         գիտական աստիճանաշնորհումը թողնել որպես պետության մենաշնորհը` ի դեմս գիտական որակավորման բնագավառում ՀՀ գործադիր իշխանության հանրապետական  մարմնի,
·         վերանայել գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը՝ հստակեցնելով պետականորեն սահմանված միասնական չափանիշները,
·         ստեղծել միասնական անվանացանկ` բարձրագույն կրթական և գիտական աստիճանաշնորհման համակարգում,
·         հստակեցնել օտարերկրյա պետություններում ստացած գիտական աստիճանների և կոչումների համադրելիության և վկայագրերի համապատասխանեցման համար անհրաժեշտ չափանիշներ,
·         միավորել գործող փաստաթղթերը մեկ միասնական փաստաթղթի՝ «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի» մեջ և ներկայացնել ՀՀ Կառավարության հաստատման:
Սույն որոշման նախագծով ներկայացվում են փոփոխման և հստակեցման ենթակա իրավական ակտերի ցանկը և դրանց ընդունման ժամանակացույցը: Այդ իրավական ակտերի ընդունումով և դրանց հետագա իրագործմամբ կապահովվի աստիճանաշնորհման երկմակարդակ նոր համակարգի ձևավորումը և դրա արդյունավետ գործունեությունը: 
Արդյունքում, Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման համակարգը հնարավորինս կդառնա համադրելի՝ Եվրամիության և Անկախ պետությունների համագործակցության երկրներում գործող աստիճանաշնորհման համակարգերի հետ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։