Հայ-գերմանական համագործակցություն
2008-06-16
Հունիսի 16-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթի երկրամասի կրթության և մշակույթի նախարար Յան-Հենդրիկ Օլբերցի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` նախարար Ս. Սեյրանյանը կարևորեց հայ-գերմանական միջազգային համագործակցությունը, որը ծավալվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունների և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության և գիտության նախարարության միջև կնքված եռակողմ Հուշագրի շրջանակներում:
Նախարարը նշեց նաև, որ այս տարի Հայաստանում գործող Ակադեմիական փոխանակման ծառայության /DAAD/ գրասենյակի կողմից 62 հայ ուսանողներ, դասախոսներ և գիտնականներ արժանացել են կրթաթոշակների: Նախարարը կարևորեց նաև Մանկավարժական փոխանակման ծառայության /PAD/ միջոցով ուսուցիչների վերապատրաստման դասընթացները, որի շնորհիվ տարեկան գերմաներենի 8-10 ուսուցիչներ վերապատրաստվում են գերմանական տարբեր կրթական հաստատություններում:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթի երկրամասի կրթության և մշակույթի նախարար Յան-Հենդրիկ Օլբերցը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, անդրադարձավ երկու երկրների դպրոցների միջև առկա համագործակցությունը: Նա բարձր գնահատեց ծրագրի շրջանակներում հայ աշակերտների ցուցաբերած ընդհանուր և գերմաներեն լեզվի գիտելիքները:
Հանդիպմանը մասնակցում էին Սաքսոնիա-Անհալթի երկրամասի խորհրդարանի կրթության, գիտության և մշակույթի հանձնաժողովի նախագահ Գունար Շելենբերգերը, կրթության ոլորտում միջազգային և ԵՄ հարցերով օգնական Ուվե Բիրկհոլցը և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը:
Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսվում է երկու երկրների միջև ընդլայնել միջբուհական կապերը, ինչպես նաև քննարկել տեղեկատվական բարձր տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունը: