Աջակցություն կրթական համակարգին
2008-05-16
Երևանի Ավան համայնքի թիվ 180 դպրոցում մայիսի 16-ին տեղի ունեցավ ներառական կրթության հենակետային սենյակի բացման արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Բ. Եսայանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Շ. Յեթը և ՎիվաՍելի գլխավոր տնօրեն Ռ. Յիրիկյանը: 2007թ. ՎիվաՍելի կողմից ՅՈՒՆԻՍԵՖ-ին էր տրամադրվել շուրջ 36 մլն դրամ, որն օգտագործվել էր Երևանի և Տավուշի մարզի ներառական կրթություն իրականացնող 8 դպրոցներում` հենքային սենյակների ստեղծման և կահավորման նպատակով:
Ծրագրի շրջանակներում ձեռք էին բերվել հատուկ հարմարեցված 3 միկրոավտոբուս, որոնք տրամադրվեցին Տավուշի մարզի երեք համայնքային կենտրոններին` հատուկ կարիքներով երեխաների փոխադրումը կազմակերպելու համար:ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Բ. Եսայանը, բարձր գնահատելով հասարակական ու մասնավոր սեկտորների նման համագործակցությունը, կարևորեց ներառական կրթության նշանակությունը ինչպես հատուկ կարիքներով երեխաների, այնպես էլ ողջ հասարակության համար: ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Շ. Յեթը, ողջունելով արարողության մասնակիցներին, անդրադարձավ հատուկ կարիքներով երեխաների լիարժեք կրթություն ստանալու համար համապատասխան պայմանների ապահովման խնդրին: ՎիվաՍելի գլխավոր տնօրեն Ռ. Յիրիկյանը համագործակցությունը բնութագրեց որպես պարտականություն Հայաստանի երեխաների հանդեպ:
Արարողության ավարտին Տավուշի մարզի համայնքային կենտրոնների ներկայացուցիչներին հանձնվեցին միկրոավտոբուսների բանալիները: