Հանդիպում Բյուրականում

2008-05-12

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը մայիսի 8-ին հանդիպում ունեցավ Բյուրականի աստղադիտարանի աշխատակիցների հետ: Այն առաջինն էր ԳԱԱ համակարգի հաստատություններ այցելությունների ծրագրված շարքից: Աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ Գիտպետկոմի նախագահ Ս. Հարությունյանը խոսեց գիտություն-կրթություն կապի, մասնավորապես ԵՊՀ աստղաֆիզիկայի ամբիոնի հետ աստղադիտարանի համագործակցության մասին:

Եթե Բյուրականում ստեղծվի գիտակրթական կենտրոն, որտեղ կազմակերպվի մագիստրոսական և ասպիրանտական ուսուցում, ապա աստղադիտարանի ֆինանսական խնդիրներին զուգընթաց կլուծվեն նաեւ ամբիոնի պահպանման խնդիրները: Կենտրոնի ստեղծման համատեքստում, որը կարող է լինել նաև տարածաշրջանային, հարկ կլինի նորոգել աստղադիտարանի հյուրանոցն ու հանրակացարանը:

Բյուրականի աստղադիտարանի խնդիրների լուծման համար Սամվել Հարությունյանն առաջարկեց ստեղծել աշխատանքային խումբ, որը կներկայացնի բիզնես-ծրագիր: «Եթե ծրագիրը ներկայացվի մինչև հունիսի սկիզբը, հնարավոր կլինի այն ներառել 2009 թվականի պետական բյուջեում: Պետությունը հիմա փող ունի, պետք է ներկայացնել իրատեսական ծրագրեր», - ասաց Ս. Հարությունյանը:
Գիտպետկոմի նախագահը խոսեց նաև գիտական հիմնարկների կառավարման մասին: Հաշվի առնելով միջազգային փորձը` նպատակահարմար է համարվում, որ գիտական հիմնարկն ունենա գիտության գծով տնօրեն, որին կնշանակի ԳԱԱ-ն, և գործադիր տնօրեն, որի նշանակումը կվերապահվի ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։