Երիտասարդություն և հմտություններ. ՄԿՈՒ ներդրումներ
2008-05-07
«Անի Պլազա» հյուրանոցում այսօր բացվեց երկօրյա սեմինար` «Երիտասարդություն և հմտություններ. ՄԿՈՒ ներդրումներ» թեմայով, որը կազմակերպել էին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Եվրոպական կրթական հիմնադրամը և «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամը:
Սեմինարը բացեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Ողջունելով մասնակիցներին` նախարարն անդրադարձավ տնտեսության զարգացման արդի փուլում միջին մասնագիտական կրթության առջև դրված խնդիրներին: Ներկայացնելով կրթության բնագավառում համաշխարհային զարգացումները` նախարարը նշեց. «Միջին մասնագիտական կրթությունը Հայաստանի Հանրապետությունում պետք է դառնա կրթական համակարգի այն կարևոր օղակը, որն, ապահովելով կրթության շարունակականությունը, համահունչ կլինի աշխատաշուկայի առաջադրած պահանջներին»:
Մասնակիցներին ողջունեցին նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ա. Պետրոսյանը և Եվրոպական կրթական հիմնադրամի Հայաստանի համար պատասխանատու Միլենա Կորադինին:
ՀՀ կրթության և գիտության նախարարության զարգացման ծրագրերի բաժնի պետ Ռ. Ստեփանյանը մասնակիցներին ներկայացրեց ՀՀ կրթության զարգացման 2008-2015 թվականների պետական ծրագրի նախագիծը:
Սեմինարի ընթացքում կքննարկվեն կրթության մակարդակին և զբաղվածությանը, երիտասարդության հմտություններին, կրթության և ուսուցման համակարգերի արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր:
Սեմինարի արդյունքները կամփոփվեն մայիսի 8-ին: