Գիտության զարգացման հեռանկարները
2008-04-30
Ապրիլի 30-ին «Փաստարկ» ակումբում տեղի ունեցավ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի մամուլի ասուլիսը:
Ս. Հարությունյանը ներկայացրեց գիտության ոլորտի ներկա վիճակը և զարգացման հեռանկարները: Անդրադարձ եղավ նաև խորհրդային շրջանին:
«Մինչև անկախությունը մեր հանրապետությունը հսկա պետության մաս է կազմել: Ներկայումս Հայաստանը փոքր պետություն է, փոխվել են գիտության առջև ծառացած խնդիրները, նաև ֆինանսավորման ծավալները: Խորհրդային Հայաստանի գիտության բյուջեն 400 մլն դոլար է եղել, ներկայումս գիտությանը ՀՀ պետական բյուջեով հատկացված է 22 մլն դոլար: Բայց նույնիսկ այդ փոքր բյուջեն նպատակային չի ծախսվում:
Գոյություն ունի ակադեմիական, ճյուղային և բուհական գիտություն, որոնց ֆինանսավորումն իրականացվել է համապատասխանաբար ակադեմիայի, ճյուղային նախարարությունների և ուսումնական հաստատությունների միջոցով: Գիտպետկոմի ստեղծումը նաև նպատակ ունի ֆինանսավորման միասնական սկզբունքներ մշակել»,-իր խոսքում ընդգծեց Ս. Հարությունյանը:
Ս. Հարությունյանը խոսեց նաև ներկայումս գործող գիտական աստիճանաշնորհման համակարգի վերանայման, գիտական հիմնարկների օպտիմալացման, գիտության արդյունքների և գիտելիքի առևտրայնացման անհրաժեշտության մասին: