Գործընթացը կշարունակվի 2010 թվականին

2009-12-02

Դպրոցական գույքի տրամադրման պետական ծրագրերի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2010-2011 ուստարվա համար սկսել է Սփյուռքի կրթօջախներից հայտերի ընդունման և հաշվառման գործընթացը: 2009 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը աշխարհի շուրջ 40 երկրի 350 կրթօջախի տրամադրել է ավելի քան 70000 կտոր ուսումնական նյութ:  Նշված խմբաքանակում մեծ բաժին են կազմում Վրաստանի հայերեն ուսուցմամբ դպրոցների համար ձեռքբերված նյութերը /32060 կտոր/:Այս տարի Վրաստան առաքվել են հայոց լեզվի, հայ գրականության դասագրքեր և աշխատանքային տետրեր: Դրանք Հայաստանի 12-ամյա կրթության համակարգում այժմ գործածվող 1-9-րդ դասարանների դասագրքերն են:
Ուսումնական նյութերը ձեռք են բերվել 2009թ. սկզբին Ախալքալաք և Նինոծմինդա շրջանների մունիցիպալիտետների, Ասպինձա, Մառնեուլ, Ախալցիխե շրջանների, Բաթում և Թբիլիսի քաղաքների դպրոցների հայտերի հիման վրա, որոնք ՀՀ կրթության և գիտության նախարարությանն են փոխանցվել ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով:Առաքումն իրականացվել է հոկտեմբեր ամսին` Վրաստանի կրթության և գիտության նախարարության գրավոր համաձայնությունը ստանալուց հետո:
Նույն ժամանակահատվածում իրականացվել է նաև Վրաստանի հայերեն ուսուցմամբ դպրոցներին դպրոցական գույքի առաքումը /1250 սեղան-աթոռ և 270 գրատախտակ/: Գույքի վերաբերյալ հայտերը բավարարվել են մասամբ` ՀՀ բյուջեից հատկացված գումարի սահմաններում: 2009 թվականի բաշխումն իրականացվել է Նինոծմինդա, Ախալքալաք, Մառնեուլ, Ախալցիխե, Բորժոմ և Ասպինձա շրջանների դպրոցների միջև:
Համաձայն Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կրթության և գիտության նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության` ուսումնական նյութերը և գույքը ընդունել է Ախալքալաք շրջանի մունիցիպալիտետը, որն էլ իրականացրել է բաշխումը` ըստ համապատասխան ցանկերի:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մտադիր է 2010 թվականին շարունակել տվյալ դպրոցների` գույքով ապահովման գործընթացը:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։