Նիգերիան հետաքրքրված է Հայաստանի կրթական համակարգով
2009-12-01
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունեց ՀՀ-ում Նիգերիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Չիքա Աբուբաքարիին: Դեսպանը նշեց, որ արդեն ութ տարի ՀՀ-ի և Նիգերիայի միջև գործում են դիվանագիտական կապեր, որի շրջանակում կողմերը համագործակցության եզրեր են փնտրում տարբեր բնագավառներում, այդ թվում նաև` կրթության և գիտության ոլորտում: Պարոն դեսպանը տեղեկացրեց, որ նախկինում Նիգերիայում գործել է հիմնականում բրիտանական կրթական համակարգը, որին այսօր փոխարինել է ամերիկյանը: Նիգերիայում գործում է շուրջ 50 պետական բուհ:
Բազմաթիվ նիգերացի ուսանողներ իրենց կրթությունը շարունակում են ԱՊՀ մի շարք երկրներում. մասնավորապես, Ուկրաինայի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորում է Նիգերիայի շուրջ 2000 քաղաքացի: Դեսպանին առավելապես հետաքրքրում էր ՀՀ-ում բժշկական և ճարտարագիտական մասնագիտությունների գծով ուսուցումը: Պարոն Աբուբաքարին նախարարին առաջարկեց Հայաստան գործուղել անգլերեն լեզվի ուսուցիչներ, ովքեր կարող են օգտակար լինել Հայաստանի կրթական համակարգի համար:
Նախարարը, շնորհակալություն հայտնելով Հայաստանի կրթական համակարգի նկատմամբ ցուցաբերած մեծ հետաքրքրության համար, նշեց, որ Հայաստանը շահագրգիռ է օտարերկրյա ուսանողների ներգրավման հարցում և այստեղ ՀՀ-ն մեծ փորձ ունի. ներկայումս ՀՀ-ում օտարերկրյա ուսանողների թիվը կազմում է շուրջ վեց տոկոս, որոնք հիմնականում ներկայացնում են ասիական երկրները` Սիրիա, Հնդկաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն, ինչպես նաև ԱՊՀ երկրները` Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան և այլն: «Վերջին շրջանում օտարերկրյա ուսանողների կրթության խնդիրները գտնվում են նախարարության ուշադրության կենտրոնում, և այս խնդրում հիմնական շեշտադրումներն ուղղված են ՀՀ բուհերում կրթության որակի վերահսկողությանը: Եթե օտարերկրյա ուսանողները, այդ թվում նաև նիգերացի, կբավարարեն մեր կրթական համակարգի խիստ չափանիշներին, մենք պատրաստ ենք մատուցել բարձրորակ կրթական ծառայություններ»,-նշեց նախարարը: Նա առաջարկեց երկու երկրների միջև ամրապնդել համագործակցությունը հատկապես գիտական ոլորտում, ուր Հայաստանը խորհրդային ժամանակներից ի վեր ունի մեծ ներուժ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին համագործակցության հետ կապված այլ խնդիրներ: