«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ

2008-04-30

2005թ. մայիսի 19-ին Հայաստանի Հանրապետությունը` ստորագրելով Բերգենի Հռչակագիրը, պաշտոնապես միացավ Բոլոնիայի գործընթացին, նպատակ ունենալով ապահովել ՀՀ բարձրագույն կրթության համակարգի ինտեգրումը Եվրոպական կրթական միասնական տարածքին:
Բոլոնիայի գործընթացի առանցքային բաղադրիչներից մեկը բարձրագույն կրթության որակավորումների համընդհանուր համակարգի ներդրումն է, որը նպաստում է մասնակից երկրների բարձրագույն կրթության համակարգերի համադրելիությանը, կրթության և տնտեսության միջև կապերի ամրապնդմանը,  միջազգային մրցունակության բարձրացմանը և ուսանողների շարժունությանը: Այս նպատակով 2003 թվականին Բեռլինում կայացած կրթության նախարարների համաժողովում ընդունվել է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի որակավորումների համընդհանուր շրջանակը (The Framework of Qualification for the European Higher Education Area) և առաջարկվել է մասնակից պետություններին մինչև 2010թ. մշակել դրան համադրելի որակավորումների ազգային շրջանակներ:
Միաժամանակ, 2008 թվականին Եվրոպական Խորհրդարանը և Եվրոհանձնաժողովը համատեղ հաստատել են Որակավորումների Եվրոպական Շրջանակը, որը ներառում է մասնագիտական կրթության բոլոր մակարդակները: Այն համապատասխանում է Բոլոնիայի գործընթացի շրջանակներում ընդունված բարձրագույն կրթության որակավորումների շրջանակին: Եվրոպական Խորհրդարանը և Եվրամիության Խորհուրդը կարևորում և երաշխավորում են Որակավորումների Եվրոպական Շրջանակը որպես որակավորումների տարբեր համակարգերը համադրելու և աշխատաշուկայի հետագա ինտեգրումը խթանելու գործիք:     
«Կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներիով սահմանված է «արհեստավորի», «մասնագետի», «բակալավր», «մագիստրոսի» և «հետազոտողի» որակավորումների աստիճանակարգ, սակայն դրանց բովանդակային համադրելիությունը որակավորումների Եվրոպական համընդհանուր շրջանակին հնարավոր չէ գնահատել, քանի որ ՀՀ օրենքներում տրված չեն «որակավորում», «որակավորումների ազգային շրջանակ» հասկացությունների հստակ սահմանումները, ինչպես նաև բաշխված չեն որակավորումների բնութագրերի հաստատման լիազորությունները:
Ներկայացվող օրենքի նախագծերը նպատակ ունեն լրացնելու այդ բացը և հիմք կհանդիսանան որակավորումների ազգային շրջանակի մշակման համար: Օրենքի ընդունումից հետո ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի որակավորումների ազգային շրջանակը, որի հիման վրա կմշակվեն և կհաստատվեն ըստ առանձին մասնագիտությունների որակավորումների բնութագրերը:
 
Նախագծերի վերաբերյալ առաջարկություններին կարող եք ծանոթանալ կայքի «Առաջարկություններ» բաժնում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։