Ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

2008-04-17

Ապրիլի 17-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և Բրիտանական Խորհրդի հայաստանյան գրասենյանկի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր` միջին մասնագիտական կրթության ոլորտում «Աշխատանք և հմտություններ» ծրագրի իրականացման վերաբերյալ:

Փաստաթղթի ստորագրման պաշտոնական արարողությանը ներկա էր նաև ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը:

Նախարար Լ. Մկրտչյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ  «Աշխատանք և հմտություններ» ծրագիրը հնարավորություն կտա ապահովել համագործակցություն ուսուցանողների և գործարարների միջև, զարգացնել այնպիսի հմտություններ, որոնք կնպաստեն ձեռնարկությունների և աշխատաշուկայի զարգացմանն ու կօժանդակեն երկրի տնտեսական առաջընթացին:  ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլն իր ողջույնի խոսքում կարևորեց կրթության բնագավառում հայ-բրիտանական համագործակցությունը:
Բրիտանական Խորհրդի հայաստանյան գրասենյանկի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը ներկայացրեց, որ «Աշխատանք և հմտություններ» ծրագրի շրջանակներում 2008 և 2009 թվականներին կկազմակերպվեն համաժողովներ, որոնք ուղղված կլինեն ազգային որակավորման և կրեդիտային համակարգի, մասնագիտական կրթական չափորոշիչների և ուսումնական ծրագրերի մշակմանը, որակավորման գնահատմանըÖ‰
Փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է նաև ձեռնարկությունների և տեխնոլոգիաների ոլորտում կազմակերպել մրցույթներ, որոնք կնպաստեն երիտասարդների նորարարական և ստեղծագործական ներուժի դրսևորմանն ու զարգացմանը:
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։