Միջմշակութային կրթության իրազեկության բարձրացման խորհրդաժողով
2008-04-14
Ապրիլի 14-ին Երևանի պետական լեզվաբանական համալսարանում բացվեց «Միջմշակութային կրթության իրազեկության բարձրացման խորհրդաժողովը»: Այն կազմակերպել էին Եվրախորհուրդը, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը: Խորհրդաժողովն իրականացվում է Եվրախորհրդի և Եվրոպական Հանձնաժողովի «Միջմշակութային և միջկրոնական երկխոսություն» համատեղ ծրագրի շրջանակներում, որը տարածաշրջանային է, և մասնակցում են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը և Ուկրաինան:
Ծրագրի նպատակն է կրթության միջոցով բարելավել միջմշակութային և միջկրոնական երկխոսությունը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում են միջազգային փորձագետների ներգրավմամբ իրականացնել վերապատրաստողների վերապատրաստման դասընթացներ, հանրակրթական դպրոցներում վերապատրաստման մոդուլների փորձարկում և միջմշակութային կրթության նյութերի հայերեն թարգմանություն:
Խորհրդաժողովին ողջույնի ուղերձներ էին հղել ՀՀ կրթության և գիտության նախարար Լ. Մկրտչյանը, ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը, ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության հանձնաժողովի նախագահ Հ. Հակոբյանը:
Ապրիլի 15-ին խորհրդաժողովը կշարունակի աշխատանքները: