ՄՐՑՈՒՅԹ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

2008-04-02

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետությանը հատկացված (66 բուհական և մագիստրոսական, 5 կլինիկական օրդինատուրայի, 20 ասպիրանտական) կրթաթոշակային տեղերի համար 2008-2009 ուսումնական տարում ՌԴ բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու նպատակով:
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները կամ ավարտական դասարանում կամ կուրսում սովորող ՀՀ քաղաքացիները, որոնք տիրապետում են ռուսերեն լեզվին:
Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն.
Բուհական և հետբուհական կրթաթոշակների համար՝
-          դիմում՝ մրցույթին մասնակցելու համար,
-          դիմում-հարցաթերթիկ,
-          ռուսական կողմից ներկայացված հարցաթերթիկ,
-          միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթության ատեստատի կամ ավարտական վկայականի և ներդիրի պատճեները, իսկ ավարտական դասարանում կամ կուրսում սովորողները՝ առաջադիմության թերթիկ /ակադեմիական տեղեկանք/ նոտարի կողմից ռուսերեն թարգմանված և վավերացված,
-          սահմանված ձևի տեղեկանք առողջության վերաբերյալ /ռուսերեն լեզվով/,
-          անձնագրի պատճեն,
-          արական սեռի անձինք՝ զինգրքույկի պատճենը կամ դրան փոխարինող ժամանակավոր կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք,
-          3x4 չափսի 6 լուսանկար:
Ասպիրանտական ուսուցման համար հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն նաև.
-          ռուսերեն լեզվով հրատարակությունների ցանկ և գիտահետազոտական աշխատանքի թեմայով ռեֆերատ,
-          Ռուսաստանի Դաշնության բուհերի շրջանավարտները՝ տվյալ բուհի համաձայնությունը ասպիրանտուրայում ուսումը շարունակելու համար:
 
Մագիստրոսական կրթություն համար կարող են դիմել միայն 2008թ. Ռուսաստանի Դաշնության բուհերի շրջանավարտները, որոնք ունեն բակալավրի կոչում և բուհի համաձայնությունը մագիստրատուրայում ուսումը շարունակելու համար:
Բուհական կրթաթոշակի համար հավակնող դիմորդները պետք է հանձնեն քննություններ ՀՀ բուհերի ընդունելության 2007 թվականի առարկայական ծրագրերին համապատասխան՝ ըստ ընտրած մասնագիտության, ինչպես նաև անցնեն հարցազրույցի փուլ:
Հետբուհական կրթաթոշակի համար հավակնող դիմորդները պետք է հանձնեն քննություններ ՀՀ ԿԳ նախարարի կողմից 2006թ. սեպտեմբերի 15-ին N 740-Ն հրամանով հաստատված «ՀՀ-ում ասպիրանտուրայի ընդունելության կարգ»-ի  համաձայն և անցնեն հարցազրույցի փուլ:
Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչև ս.թ. ապրիլի 30-ը /ներառյալ/ ՀՀ կրթության և գիտության նախարարության միջազգային համագործակցության և սփյուռքի վարչություն (ք.Երևան, Կառավարության 3-րդ շենք, 6-րդ հարկ 619 սենյակ, հեռ. 562364):
Մրցույթը տեղի կունենա Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցում /Հանրապետության 73/ ս.թ. մայիսի 5 -ից մինչև 24 -ը ընկած ժամանակահատվածում:
 
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։