«Մասնագիտական մանկավարժություն» ուսումնական նոր ձեռնարկ

2008-03-27

ՀՀ կրթության և գիտության նախարարության ու ՄԱԶԾ “Օժանդակում նախնական և միջին մասնագիտական կրթական համակարգի բարեփոխումներին” համատեղ ծրագրի շրջանակում մշակվել եւ հրատարակվել է «Մասնագիտական մանկավարժություն» ուսումնական ձեռնարկը: Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ներկա փուլում էական նշանակություն ունի արհեստագործական և միջին մասնագիտական որակյալ կրթությունն ու ուսուցումը: Այսօր ոլորտում առկա լուրջ բացերը լրացնելու ուղղությամբ բազմաթիվ քայլեր են իրականացվում, եւ վերոհիշյալ ձեռնարկի լույս ընծայումը դրանցից մեկն է՝ ուղղված մասնագիտական գրականության նոր բազայի ձևավորմանը:
Վեց ամսվա ընթացքում մրցակցային հիմունքներով ընտրված մանկավարժության և նախնական և միջին մասնագիտական կրթության բնագավառում բարձր որակավորում ունեցող մասնագետները մշակում էին մի ձեռնարկ, որը պետք է աննախադեպ կրթական գործիք դառնա նախնական և միջին մասնագիտական կրթական համակարգում ներգրավված մասնագետների վերապատրաստման համար: Կառուցված լինելով մոդուլային ուսուցման սկզբունքով` այն ներառում է կարողությունների վրա հիմնված ուսանողակենտրոն ուսուցման, արդյունքին միտված ուսուցման եւ համագործակցային ուսուցման մոտեցումները:
Սույն ուսումնական ձեռնարկը նախատեսվում է միջին և նախնական մասնագիտական  ուսումնական հաստատությունների մանկավարժական կրթություն չստացած արտադրական ուսուցման վարպետների, դասախոսների և  ապագա մանկավարժների համար: Ձեռնարկի կառուցվածքային և բովանդակային առանձնահատկություններն այնպիսին են, որ կարող են նաև ծառայել որպես ուսումնամեթոդական ուղեցույց փորձառու վերապատրաստողի, և դասագիրք` ինքնակրթվող նորելուկ դասախոսի համար: Ձեռնարկը լույս է տեսել 1200 օրինակով և շուտով պաշտոնապես կներկայացվի շահագրգիռ կողմերին:
Նախատեսվում է նաև նորամշակ ձեռնարկի հիման վրա կազմակերպել վերապատրաստումներ Հայաստանի նախնական և միջին մասնագիտական կրթական բնագավառի դասախոսների համար: Դասընթացների նախապատրաստական աշխատանքները արդեն իսկ սկսված են, իրականացվում է վերապատրաստողների և կազմակերպիչների ընտրությունը: Դասընթացները կտևեն երկու ամիս և կիրականացվեն Հայաստանի բոլոր մարզերում:
 
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։