Նախնական և միջին մասնագիտական կրթության զարգացման հեռանկարները

2008-03-25

 Հայաստանի Հանրապետության  միջին  մասնագիտական  պետական ուսումնական  80 հաստատություններին 2008 թվականին կհատկացվի  շուրջ  2520  անվճար  ուսուցման տեղ` 93  մասնագիտությունների  գծով:
 Նախնական  մասնագիտական  կրթության  համար    արհեստագործական  28 ուսումնարաններին կհատկացվի 2585 անվճար  ուսուցման  տեղ` շուրջ 25  մասնագիտությունների  գծով:

Միջին  մասնագիտական  ուսումնական հաստատությունների անվճար  տեղերում  ընդունելությունն  իրականացվելու  է  մրցութային  հիմունքներով` ընդունելության  քննությունների  արդյունքներով, իսկ  նախնական (արհեստագործական) մասնագիտական  ուսումնական  հաստատություններում`  հիմնական  կամ  միջնակարգ  (լրիվ) ընդհանուր կրթության  ավարտական  փաստաթղթերի հիման  վրա:
Նախնական (արհեստագործական)   և  միջին  մասնագիտական կրթության ոլորտում իրականացվում և նախատեսվում են մի շարք միջազգային ծրագրեր.
• 2007թ. ՄԱԿ-ի  «Օժանդակություն  նախնական  և  միջին  մասնագիտական  կրթության  համակարգի  բարեփոխումներին»  ծրագրի  շրջանակներում  իրականացվել  են    ուսումնական  5 հաստատությունների վերանորոգման,  կրթական  7 չափորոշիչների, մոդուլային  5 ծրագրերի, ուսումնական  2 ձեռնարկների  մշակման  և  տպագրության, ինչպես  նաև  դասախոսների  վերապատրաստման աշխատանքներ:
• 2006թ-ից «Անուշավան  Աբրահամյան» կրթական  բարեգործական հիմնադրամը իրականացնում է շարունակական զարգացման  ծրագիր, որի նպատակն  է մարզերում ապահովել  համապատասխան  պայմաններ` երիտասարդության արհեստագործական կրթության  և  հմտությունների ձեռք բերման  համար:
• 2007-2010թթ.  Հայաստանում  Բրիտանական Խորհրդի գրասենյակի  կողմից  իրականացվում է «Աշխատանք  և  հմտություններ» ծրագիրը, որի նպատակն է  կրթությունը  համապատասխանեցնել  աշխատանքի  շուկայի  և  գործարար  աշխարհի  պահանջներին` նպաստելով  արտադրողականության  բարձրացմանը: 
• 2007թ.  ԵՄ հարևանության քաղաքականության ծրագրի շրջանակներում Հայաստանի  Հանրապետությանը  պետք  է   տրամադրվի  15  մլն եվրո  բյուջետային  աջակցություն 2008-2010թթ համար, որն  ուղղվելու  է  հիմնականում ՄԿՈՒ  համակարգում  բազմագործառութային   ուսումնական  հաստատությունների ստեղծմանն  ու  նյութական  և  ուսումնամեթոդական  հագեցվածության  ապահովմանը:  Ծրագրի  հիմնական  նպատակն  է մասնագիտական կրթության և ուսուցման /ՄԿՈՒ/  համակարգի  որակի  համապատասխանեցումն   աշխատանքի  շուկայի   պահանջներին:
• Դանիայի  կառավարությունը  նախատեսում  է 2008-2010 թվականների  համար  հատկացնել 1,8  մլն եվրոյի աջակցություն, որը  կուղղվի ՄԿՈՒ  համակարգի  մասնագիտասկան  կրթական  չափորոշիչների   մշակմանը, ուսումնական   հաստատությունների  նյութատեխնիկական  բազայի  հարստացմանը, դասախոսների  վերապատրաստմանը, ՄԿՈՒ  ոլորտում  սոցիալական  երկխոսության  ձևավորմանը,  ինչպես  նաև  կրթության  կառավարման  մարմինների  զարգացմանը:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։