Հանդիպում ՀՀ ԿԳ նախարարությունում
2008-02-11
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արա Ավետիսյանն ընդունեց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Անդրեա Վիկտորինին և Գյոթեի ինստիտուտի Թբիլիսիի մասնաճյուղի ղեկավար Վերներ Վյոլին: Ողջունելով հյուրերին` փոխնախարարը կարևորեց հայ-գերմանական կրթամշակութային համագործակցության շրջանակներում Գյոթեի ինստիտուտի ծավալած գործունեությունը, որը սկիզբ է առել 1995 թվականից:
Փոխնախարարը ներկայացրեց նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից իրականցվող լեզվական քաղաքականությունը, որը մի կողմից ուղղված է օտար լեզվի ընտրության հարցում աշակերտի ազատության ապահովմանը, մյուս կողմից` օտար լեզուների համամասնության պահպանմանը: ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Անդրեա Վիկտորինը ներկայացրեց հայ-գերմանական կրթամշակութային համագործակցության շրջանակներում առկա և նախատեսվող ծրագրերը: Գյոթեի ինստիտուտի Թբիլիսիի մասնաճյուղի ղեկավար Վերներ Վյոլը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, անդրադարձավ հայաստանյան 20 կրթօջախներին տրամադրվող գերմաներեն գրականության, տարածաշրջանում գերմաներեն լեզվի և երկրագիտության ուսուցման խնդիրներին:
Հանդիպման ավարտին ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արա Ավետիսյանը, բարձր գնահատելով դպրոցների միջև համագործակցության ու գերմաներեն դասավանդող ուսուցիչների վերապատրաստման առկա ծրագրերը, հույս հայտնեց, որ հայ-գերմանական կրթամշակութային համագործակցությունը կունենա և’ ծավալային, և’ բովանդակային զարգացում: