Հայ-գերմանական կրթական համագործակցություն

2008-01-29

Հայ-գերմանական կրթական համագործակցության շրջանակներում ՀՀ կրթության և գիտության նախարարությունում  փոխնախարար Ա. Ավետիսյանն ընդունեց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան տիկին Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությանը: Փոխնախարարը, կարևորելով եվրոպական կրթական տարածքին Հայաստանի ինտեգրման գործընթացում ԳԴՀ-ի դերը, նշեց. «Դպրոցական մակարդակում գերմաներեն լեզվի տարածումը ոչ միայն հաղորդակցման հնարավորություններ է տալիս մեր աշակերտներին, այլև նոր հեռանկարներ ու հորիզոններ բացում նրանց հետագա ուսումնառության և գիտական ներուժի զարգացման համար»:
Տիկին դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշեց. «Գրականությունը յուրօրինակ պատուհան է աշակերտների և ուսանողության համար: Ուստի դեսպանատունը և Գյոթեի ինստիտուտը ձեռք են բերել շուրջ 500 000 եվրո արժողությամբ գրականություն, որը կտրամադրվի Հայաստանի 20 կրթօջախներին»: Դեսպանը նշեց նաև, որ գրականության տրամադրումը կսկսվի փետրվարի 12-ից Սևանի թիվ 1 դպրոցից: Անդրադառնալով աշակերտների և ուսանողների փոխանակման ծրագրերին` պատվիրակության անդամ, DAAD ծրագրերի Կովկասի և Միջին Ասիայի պատասխանատու պարոն Բրիշը նշեց, որ 1991թվականից մինչ օրս ծրագրի շրջանակներում շուրջ հազար հայ ուսանողներ արժանացել են կրթաթոշակի և մեկամսյա դասընթացներ անցել Գերմանիայում: Կարևորեց նաև, որ տարեցտարի ավելանում է  ինչպես դիմորդների, այնպես էլ կրթաթոշակներ ստացողների թիվը:
Հանդիպման ավարտին ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Ա. Ավետիսյանը և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան տիկին Անդրեա Վիկտորինը քննարկեցին հետագա համագործակցության ընդլայնմանը և ծրագրերի արդյունավետության բարձրացմանը վերաբերող այլ հարցեր:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։