Հայ-ռուսական համագործակցություն

2007-12-26

Ռուսաց լեզվի տարածման և միջազգային մշակութային կապերի զարգացման գործում ունեցած ներդրման համար ս/թ նոյեմբերի 1-ին ՌԴ նախագահ Վ. Պուտինը ստորագրել է հրամանագիր` կրթության բնագավառի ներկայացուցիչներին Պուշկինի մեդալով պարգևատրվելու մասին: Մեդալների են արժանացել ՀՀ կրթության ոլորտի ներկայացուցիչներ` ԿԳ նախարարության հանրակրթության վարչության առաջատար մասնագետ Լ. Բալասանյանը, ԵՊՀ ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետի դեկան Պ. Բալայանը, Երևանի Պուշկինի անվան դպրոցի տնօրեն Մ. Մատղաշյանը և Երևանի թիվ 83 դպրոցի ուսմասվար Կ. Սարգսյանը: Մեդալները պարգևատրվածներին հանձնել է Հայաստանի Հանրապետությունում ՌԴ դեսպան Ն. Պավլովը ռուսաց լեզվի տարվա փակման կապակցությամբ Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում կազմակերպված կոնֆերանսի ժամանակ:
Դեկտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետությունում ՌԴ դեսպանը կազմակերպել էր ընդունելություն, որին մասնակցում էին Պուշկինի մեդալով պարգևատրվածները և աշնանը Սանկտ-Պետերբուրգում ռուսաց լեզվի միջազգային օլիմպիադային մասնակցած հայ երեխաները: Անկաշկանդ մթնոլորտում մասնակիցները խոսեցին հայ-ռուսական կրթամշակութային կապերի և համագործակցային ծրագրերի զարգացման մասին: ԿԳ նախարարության ներկայացուցիչ Լ. Բալասանյանը իր խոսքում նշեց, որ անհրաժեշտ է վերականգնել ռուսաց լեզվի ուսուցիչների վերապատրաստման ավանդույթը Ռուսաստանում, որը կնպաստի մասնագիտական ունակությունների ամրապնդմանը և ռուսաց լեզվի դասավանդման արդյունավետության բարձրացմանը: Հանդիպման ավարտին ՀՀ-ում ՌԴ դեսպան Ն. Պավլովը, մասնակիցներին շնորհավորելով Ամանորի կապակցությամբ, աշակերտներին նվիրեց գրքեր:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։